կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 17:45
Առանց Կատեգորիա

Զորահանդեսի գաղտնի զենքերը

Զորահանդեսի գաղտնի զենքերը

Ի՞նչ է անհեթեթությունը` երբ հանցագործության սահմանները ջնջված են: Այսինքն` երբ մարդու մտակերտվածքը (մենթալիտետը) հստակ չի տարբերակում, թե հատկապես ինչն է հանցագործություն, ինչը` ոչ:


Հանցագործություն է ե'ւ գողությունը, ե'ւ դիմացինին սեփական ճաշակի զոհ դարձնելը:

 

Մի քանի օր առաջ հանրապետական ԶԼՄ-ներն ազդարարեցին, որ ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներին թալանած բանդայի անդամները: Դրանից առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովն էր, որտեղ սուր խոսքեր հնչեցին երկիրը կազմալուծող արտագաղթի տեմպերի մասին: Առաջատար հեռուստաընկերությունները համաժողովում հնչած ոչ մի մտահոգություն եթեր չհեռարձակեցին: Եթե մտահոգություններ չկան, ինչո՞ւ է համաժողով հրավիրվում: Եթե մտահոգություններ չունեն, ինչո՞ւ են ռեպորտաժ սարքում: Ինձ այս հարցերի պատասխանը հետաքրքիր չէ: Բայց երբ հասարակությունը ձեզ լուրջ չի վերաբերվում, մի' ասեք, թե լրագրողներին չեն գնահատում: Որովհետեւ չի կարելի նկարահանել մի հսկա համաժողով, որտեղ մի ամբողջ Վեհափառ (թեպետ` Կիլիկիո) խոսում է արտագաղթի աղետալի տեմպերի մասին, գրեթե նշում կոնկրետ պատասխանատուներ, իսկ եթեր է գնում նրա հետեւյալ խոսքը. «Մեր սրբություն սրբոցի` Հայաստանի հզորացումը յուրաքանչյուր հայուն եւ ամբողջ հայության կյանքի նշանաբանն ու կյանքի ճանապարհը պետք է դառնա»: Բայց Կիլիկիո կաթողիկոսը հատկապես այս մասին չի խոսել:

 

Ու երբ հեռուստաընկերությունները միկրոֆոն են դեմ տալիս Հրանուշ Հակոբյանին, որպեսզի սա ասի, թե քննադատությունն  էլ պետք է տեղ ունենա, անմիջապես հարց է առաջանում` ի՞նչը նկատի ունեք Հրանուշի այդ միտքը եթեր տալիս, եթե քննադատություններ չեք նկարահանել: Որովհետեւ չի կարելի դառնալ զորահանդեսի զենք, որն իր Հայրենիքի վրա կրակում է օկուպացված հաճախականությունից: Հիմա փաստ է, որ ձերբակալված բանդան մի շարք հանցագործություններ է կատարել: Եվ կասկած չկա, որ այդ ինքնատիպ «ռոբին հուդերը» հասարակության գուցե մի քանի հազար անդամի համակրանքն են շահել: Այսինքն` այնքան էլ հակված չեն նրանց արարքներում  մեծ հանցակազմ տեսնել: Որովհետեւ այդ մի քանի հազար անդամը մտածում է` պադումայեշ, նախկին կամ գործող չինովնիկների են թալանել, բա հո աղքատներին չէին թալանի: Իսկ նրանց որտեղի՞ց այն, ինչը թալանվել է:

 

Հիմա փորձենք այս տրամաբանությունը «նաղդել» հեռուստալրագրողների վրա: Հասարակության մի քանի հազար անդամ` տվյալ դեպքում բարձրաստիճան չինովնիկներ ու օլիգարխներ, տիրապետում են երկրի հարստության գրեթե 60-70 տոկոսին: Պետական կառավարման համակարգն անզեն աչքով տեսանելի է դարձնում, թե ինչպես են այդ չինովնիկներն ու օլիգարխները տիրացել այդ հարստությանը: Բավական է հետեւել հեռուստալրատվական դաշտին: Այսինքն` այն դաշտին, որը պիտի բարձրաձայներ մտահոգություններ, թե պետական աշխատավարձով կամ շուկայական ազատ տնտեսության պայմաններում ինչպե՞ս առաջացան միլիոնատեր չինովնիկներն ու գրեթե միլիարդատեր օլիգարխները:

 

Այս հարցի պատասխանը պակաս հարցադրում չէ` իսկ ո՞վ է նրանց խանգարում հարստանալ: Այսինքն` ո՞վ ռիսկ ունի խանգարելու: Իր լռությամբ ինչո՞վ է զբաղված հեռուստալրագրողը: Հանձին օլիգարխի եւ չինովնիկի` նա զբաղված է` իր սեփական երազի ետեւից ընկնելով: Նա ուզում է հարստանալ, քանի որ գիտի, որ հնազանդությունը կերակրում է: Նա ուզում է օլիգարխանալ այն դաշտում, որտեղ մրցակցություն չկա: Նա գիտի ապրելու խաղի կանոնները: Եվ քանի որ իրականում լրագրող չէ, ինչպես օլիգարխը գործարար չէ, դառնում է իշխանության գաղտնի զենքն ընդդեմ հասարակության, որին մարդամեջ է նետում «լրագրող» կոչման տակ: Հասարակությունը սովորում է տեղեկատվության փոխարեն քարոզչություն լսելուն, իսկ, որպես ռմբակոծիչներ, օգտագործվում են մյուս գաղտնի զենքերը` սերիալներն ու էժանագին համերգները բոլոր եթերներում:


Սեյրան Հանոյան