կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 16:57
Մշակույթ

Թագավորի մեծ, միջին, փոքր ուստրերն ու դուստրերը

Թագավորի մեծ, միջին, փոքր ուստրերն ու դուստրերը

Սեպտեմբերի 25-ին ամփոփվեցին Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի 3-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները:

 

Առաջին դրամական մրցանակը, որին արժանացան Արաքս Բալբաբյանը և Տաթևիկ Պետրոսյանը, կոչվում է «Թագավորի փոքր տղայի կամ աղջկա» մրցանակ և կազմում էր 1 քսակ ոսկի, երկրորդ տեղը զբաղեցրած Լիլիթ Գրիգորյանը և Գրետա Խանդանյանը ստացան «Թագավորի միջնեկ տղայի կամ աղջկա» մրցանակը` 1 քսակ արծաթ, իսկ երրորդ տեղում հայտնված Եղիշե Բալոյանը և Անի Մարգարյանն արժանացան «Թագավորի մեծ տղայի կամ աղջկա» մրցանակին` ստանալով 1 քսակ մարգարտահատիկ:

 

Բարբառագետ Ժաննա Միքայելյանը արդեն երրորդ տարին է մասնակցում մրցույթ-փառատոնին` առաջին տարին` որպես հանդիսատես, իսկ վերջին երկու տարին` որպես ժյուրիի անդամ: Նրա խոսքերով` շատ էր տարակուսել, որ մրցույթին մեծ թվով երեխաներ էին մասնակցելու, բայց այժմ հիացած է նրանց ունակություններով:

 

«Խորհրդային տարիների երեխաներն ավելի քաշված էին, բայց այսօր ես տեսնում եմ, որ մեր անկախ Հայաստանի երեխաները համարձակ են և կարողանում են անկաշկանդ ներկայանալ հանդիսատեսին»,- ասաց բարբառագետը` հավելելով, որ ժողովրդական բանահյուսությունը, հեքիաթասացությունը, լեզվին, բարբառներին տիրապետելը շատ կարևոր հանգամանք է մեր իրականության մեջ, և իրենց նպատակն է պահպանել բարբառների, հեքիաթասացության, վիպասանական դպրոցը:

 

17-ամյա Տաթևիկը Պետրոսյանը, ով արժանացել էր «Թագավորի փոքր աղջկա» մրցանակին, կարծում է, որ բարբառների պահպանման համար կարևոր է նման միջոցառումների առկայությունը: «Մեր ամենամեծ նպատակն այն է, որ պահպանվեն բարբառները, քանի որ դա այն ամուր շղթան է, որը հայերիս կապում է մեր նախնիների հետ»,- ասաց նա:

 

Գրետա Խանդանյանը, ով եկել էր Գավառից, մրցույթին արժանացավ թագավորի միջնեկ աղջկա մրցանակին: Նրա խոսքերով` իր համար անակնկալ էր մրցույթին երկրորդ հորիզոնական զբաղեցնելը: «Չէի սպասում, որ ես էլ կլինեմ հաղթողների մեջ, բայց շատ ուրախ եմ, քանի որ ես եկել էի հաղթելու նպատակով»,- ասաց նա` հավելելով, որ սիրեց նախագիծը և հնարավորության դեպքում ևս մեկ անգամ կմասնակցի փառատոնին:

 

«Թագավորի մեծ աղջկա» տիտղոսը ստացած 11-ամյա Անի Մարգարյանն էլ համարում է, որ բոլոր մասնակիցները հաղթող են, քանի որ կարողացան պատվով ներկայացնել իրենց բարբառները: «Ճիշտ է, բոլորս եկել էինք հաղթելու, բայց ավելի կարևոր նպատակ էլ ունեինք` բարբառների պահպանումը»,- ասաց աղջիկը:

 

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով` աջակիցներ ունենալու դեպքում փառատոնը կարող է մեծ հեռանկարներ ունենալ:

 

«Համոզված եմ, որ մրցույթ-փառատոնը շարունակական բնույթ կկրի, դրան զուգահեռ միջոցառման երեք հաղթողների մասնակցությամբ նախատեսվում է շրջագայություն մարզերով: Նպատակը կլինի մեկը` պահպանել դարերից եկած ժողովրդական բանահյուսությունը, հեքիաթասացությունը»,- նշեց նա: