կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 16:22
Տնտեսական

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրները` ուշադրության կենտրոնում

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրները` ուշադրության կենտրոնում

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը Հայաստանի համար ունի տնտեսական, քաղաքական և սոցիալական լուրջ բովանդակություն, եւ կառավարության համար դրա զարգացումը մշտապես դիտարկվել է որպես գերակա խնդիր:

«Փոքր և միջին բիզնեսի զարգացումը նաև նպատակ ունի ստեղծել Հայաստանի Հանրապետությունում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար: Քաղաքացիական հասարակության ձևավորման տեսակետից նույնպես մենք գտնում ենք, որ առանց փոքր և միջին բիզնեսի հնարավոր չէ ունենալ լուրջ հաջողություններ: Չնայած այն միջոցառումներին, որ իրականացվել են վերջին 3 տարիների ընթացքում, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և համագործակցության այս ձևաչափը, որ մենք ստեղծում ենք, հնարավորություն է տալու մեզ մշտապես լինելով երկխոսության մեջ, ժամանակին բացահայտել խնդիրները և գտնել լուծումներ այդ խնդիրներին, ընդ որում, այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի լինեն նաև փոքր և միջին բիզնեսի համար: Համոզված եմ, որ նաև մեր նորաստեղծ` փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերով զբաղվող խորհուրդը դրական արդյունքներ կտա», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը հաստատել է իր աշխատակարգը և կառուցվածքը, ապա խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամներին:

Այնուհետև խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի քանի մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ` համապատասխան գերատեսչությունների կողմից:

Ամփոփելով խորհրդի առաջին նիստի աշխատանքները` վարչապետն ընդգծել է, որ ակնկալվում է խորհրդի անդամների ակտիվ աշխատանքը: «Խորհուրդը լինելու է այն խողովակը, որի միջոցով շահագրգիռ մարմիններն ու անձինք տեղյակ կպահվեն նորմատիվային և այլ փոխությունների մասին»,- դիմելով ներկաներին` ասել է վարչապետը:

Նշենք, որ նախատեսվում է հիմնել խորհրդի կայքէջը և էլեկտրոնային հասցեն, որի միջոցով շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով: