կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 14:50
Հասարակություն

Արդիականացվում են Երևանի փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակները

Արդիականացվում են Երևանի փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակները

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մաս կազմող արտաքին գովազդի արդիականացման և քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ դարձնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, գովազդային ոլորտի կազմակերպություններին առաջարկ է ներկայացվել փուլային տարբերակով՝ մինչև 2013թ. տարեվերջ, ապամոնտաժել մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։


Երևանի քաղաքապետանի արտաքին ձևավորման և գովազդի վորչության պետ  Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությանը հավանություն տված ընկերությունները սեպտեմբերի 23-ից կսկսեն վերոնշյալ գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանն այդ կազմակերպություններին կտրամադրի քաղաքային համապատասխան չափերի (1.2x18) ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ տեղադրելու հնարավորություն:


«Մի կողմից ապահովելով վահանակների և դրանց քանակի ներդաշնակությունը քաղաքի ճարտարապետական տեսքին, մյուս կողմից, չվնասելով փողոցներում առկա վահանակների սեփականատեր հանդիսացող ընկերությունների մասնավոր շահերը,  մենք կկարողանանք Երևանն ավելի հարմարավետ դարձնել»,-նշել է Արազ Բաղդասարյանը:


Մինչև հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչև Խանջյան փողոց) գովազդային մեծ և միջին չափի վահանակները, իսկ մինչև տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները։


Ի դեպ, նկատի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունը, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն հիմնականում գիշերային ժամերին, ինչի համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։