Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երկիր»-ի օգոստոսի 23-ի համարում անդրադարձել էինք 10-13-րդ դարերում կառուցված Հաղարծինի վանական համալիրի եվրավերանորոգմանը: Եկեղեցիների արտաքին տեսքի, ժամանակակից առանձնատների կամ ռեստորանների կտուրների կղմինդրածածկ ու ապակեպատ տանիքների օրինակով իրականացված վերանորոգում, որը թողնում է ճնշող տպավորություն, իսկ ներսում` էժանագին լուսամփոփներ (բռաներ), թուրքական պլաստմասսայե անջատիչներ ու վարդակներ, 13-րդ դարի քարերի մեջ ցեմենտով զմռսված էլեկտրալարեր...
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի կողմից երեկ ստացանք մեզ հասցեագրված նամակ առ այն, որ արտահայտած մտահոգությունների առնչությամբ Ամենայն Հայոց հայրապետը, ճարտարապետների ուղեկցությամբ, այցելել է Հաղարծին վանական համալիր, քննության առել խնդիրները եւ որոշակի փոփոխություններ կատարել:
Լուսամփոփները պիտի փոխարինվեն այնպիսիքով, որոնք հարիր կլինեն եկեղեցու միջնադարյան ոգուն: Ինչ վերաբերում է պատուհանների խնդրին, ապա, ըստ նամակի, հնարավորությունները ներում են «պատշաճ լուսամուտներ» ունենալ, որը նաեւ ապահով է:
Տեր Վահրամ Մելիքյանն անդրադառնում է նաեւ «վերականգնողական ճարտարապետության» հնարքներին ու տեղեկացնում. «Անգամ եթե որեւէ պատմական շինության որեւէ հատված վերանորոգվում է, ապա վերանորոգվում է տարբեր ձեւով, որ միշտ էլ ընկալելի լինի, որ այդ հատվածը վերականգնվել է ավելի ուշ շրջանում, այդ շրջանին համապատասխան»:
Ինչ խոսք, գնահատելի է, երբ երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունը հետևում է մամուլի հրապարակումներին եւ փորձում լուծում տալ բարձրացված հարցերին, ինչպես նաև արձագանքել հնչող քննադատությանը: Վերստին հավաստիացնում ենք, որ հետևողական ենք լինելու մեր կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Հույս ունենք նաև, որ մեր քննադատությամբ փոքր-ինչ օգտակար կլինենք մեր հոգևոր ժառանգության այս կոթողի վերանորոգումը ճիշտ հուն վերադարձնելու գործին: