կարևոր
3466 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-09 19:53
Քաղաքական

Այս պահի դրությամբ արձագանք չունենք. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանին ուղղված առաջարկների մասին

Այս պահի դրությամբ արձագանք չունենք. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանին ուղղված առաջարկների մասին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշեց Հունանյանը։

Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու 10-րդ օրը՝  դեկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երևանը նաև առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։  2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանից փոխանցված առաջարկներին։

Նկատենք, որ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը, որոնց պաշտոնական Երեւանը տվել էր իր համաձայնությունը ու ներկայացրել լրացնող առաջարկներ։ Առ այս պահը Բաքուն որեւէ դրական արձագանք չի տվել հայկական կողմի առաջարկներին։ Փոխարենը պարբերաբար հնչեցնում են հայտարարություններ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների մասին։ Անգամ՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ Բայրամովը հայտարարել է, թե 8 գյուղ Հայաստանը պետք է հանձնի Ադրբեջանին՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում։

Աղբյուր` Փաստինֆո