Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապամոնտաժման հերթը հասել է Աբովյան պուրակի կանգառի մոտ գտնվող երկու կրպակին: Այսօր առավոտյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականով աշխատակիցները ցանկանում էին ապամոնտաժել կրպակները, որտեղ հիմնականում ծխախոտ, հյութեր եւ քաղցրավենիք են վաճառում: Այս երկու կրպակների կողքին կա նաեւ երրորդը` «Հայմամուլի» կրպակը, որին մատով դիպչող էլ չկա:
Կրպակի տերերից Ռայա Դանիելյանը yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ այդտեղ կրպակ ունենալու թույլտվությունն ինքը ստացել է դեռեւս 40 տարի առաջ` խորհրդային տարիներին: Եվ զարմանում է, թե ինչ հիմքով են իր կրպակն անօրինական համարում, եթե ներկայիս Հայաստանի Հանրապետությունը նախկին Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Մյուս կողմից էլ` իրենք ամեն ամիս բոլոր վճարումները պարտաճանաչորեն կատարել են:
«72 տարեկան եմ: Մի վեց տարի առաջ հիվանդացա, կրպակը գրանցեցի տղայիս անունով: Նա էլ 6 տարի գնում է, հողի վարձակալության թույլտվության պայմանագիր է ուզում, չեն տալիս: Ուր գնաց, չտվեցին: Բայց եթե մուծումներն անում ես ու եթե ապօրինի է, իմ մուծումն ո՞ւր է գնում, ո՞ւմ ջեբն է մտնում: Ասում են` պետության, բա որ պետության, ինչի՞ եք քանդում: Քառասուն տարի մուծումները արել եմ, ապօրինի չէր, հիմա նոր ապօրինի՞ է»,- բողոքեց Ռ. Դանիելյանը:
Հարցին, թե իրենց նախապես զգուշացրե՞լ են կրպակները ապամոնտաժելու մասին, Ռայա Դանիելյանն ասաց, թե միայն բանավոր, նույնիսկ այսօր, երբ եկել էին արդեն գործն անելու, փաստաթուղթ չեն ունեցել, թե ինչ հիմքով, որոշմամբ են ապամոնտաժելու. «Ասում եմ` թուղթը տուր, ունե՞ս, ասում է` չունեմ: Բա էրեխեքիս հացից կտրե՞մ էդ բանավորի համար: Չունեն, չկա»:
Կինը պատմեց նաեւ, որ դեռեւս հինգ ամիս առաջ դարձյալ եկել էին, պահանջել, որ կրպակը հեռացնեն, որդին ապրանքը հանել էր, ցրել մյուս խանութները, «տակ տվել». «Չգիտեմ` ինչ են ուզում: Երեկ եկել է, էսօր քանդում է քաղաքը»:
Մյուս կրպակատերը` 63-ամյա Արշալույս Հովհաննիսյանը, պատմեց, որ իր կրպակը գործում է արդեն 35 տարի: Ինչպես Ռայա Դանիելյանի, այնպես էլ այս դեպքում քաղաքապետարանը մինչ օրս չի տվել հողի վարձակալության թույլտվությունը` առանց որեւէ պատճառաբանության. «Սա ո'չ կանաչ տարածքում է, ո'չ էլ մայթի վրա: Կարող են թույլ տալ, որ մենք մի քիչ էլ հետ դնենք: Դիմել ենք, որ թողնեն` արդիականացնենք, դա էլ չեն թողել»:
Կրպակատերերն ասում են, որ եթե քաղաքի գեղեցկության վրա ազդում է իրենց կրպակների տեսքը, ապա իրենք պատրաստ են դրանք վերանորոգել, քաղաքապետարանի սրտով «սիրունացնել», բայց... «Ամեն մեկը չգիտեմ` ինչ ամրոցներ ունեն, եկել են էս քրջոտ կրպակների վրա: Քաղաքը սրանո՞վ է տգեղանում»:
Արշալույս Հովհաննիսյանն (տեսանյութ) ասում է, որ եթե իրենց կրպակները խանգարում է, ապա պիտի խանգարի նաեւ «Հայմամուլի» կրպակը. «Թող թերթի կրպակը հանեն, բերել, ավելի առաջ են դրել: Ո՞վ է թույլ տվել, որ «Հայմամուլը» վաճառի ծխախոտ, ո՞վ է թույլ տվել: Ի՞նչ ուզում, դա էլ վաճառում են` ծխախոտ, սուրճ, արեւածաղիկ: Եթե մեր կրպակը խանգարում է, սա ավելի է խանգարում: Դռները բացում են, ամբողջ մայթը զբաղեցնում: Ամբողջ ազգով մտածում ենք, որ կարդացողները վերացել են, բայց ամեն քայլափոխի «Հայմամուլի» կրպակ են դրել, որովհետեւ դրա հետեւում վերեւից մարդ է կանգնած»:
Այսօր կրպակների ապամոնտաժումը տեղի չունեցավ, ապամոնտաժման համար եկածները ներկայանալու են շաբաթ օրը: Իսկ կրպակատերերը մի կողմից հույս ունեն, որ քաղաքապետարանում հարցին այլ լուծում կտրվի, մյուս կողմից էլ` պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, քանի որ այս կրպակներն իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուրն են. «Էս մի կրպակն է, տղես է աշխատում, երկու թոշակառու ենք, էրեխեքն էլ` անչափահաս, սովա՞ծ թողնեմ: Դուրս չեմ գա, ուզում է քաղաքապետը, ով ուզում է գա, չեմ թողնելու: Թող ինձ աշխատատեղ տա, փող ունենամ, էս քյորփեն հաց է ուզում ուտի»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ