կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 11:56
Առանց Կատեգորիա

WikiLeaks. Թե ինչպես Թուրքիան ռիսկ չունեցավ բոյկոտելու Ֆրանսիան

WikiLeaks. Թե ինչպես Թուրքիան ռիսկ չունեցավ բոյկոտելու Ֆրանսիան

WikiLeaks-ի գաղտնազերծած բազմաթիվ փաստաթղթերից է 2006-ի հոկտեմբերին Թուրքիայում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը, որում ներկայացված է Թուրքիայի իշխող եւ գործարար շրջանակների արձագանքը 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

Թեեւ բազմաթիվ թուրք պաշտոնյաներ, այդ թվում` վարչապետ Էրդողանը, հասարակությանը խորհուրդ են տվել հանգստություն դրսեւորել, քանի դեռ Ֆրանսիայի Սենատը չի վավերացրել այդ փաստաթուղթը, Թուրքիայի սպառողների պաշտպանության միությունը կոչ է արել շաբաթը մեկ բոյկոտել մեկ ֆրանսիական ընկերություն` սկսելով Total-ից, որը զբաղվում է նավթամթերքի առեւտրով եւ Թուրքիայում 500 բենզալցակայան ունի:

Թուրք գործարարները միանշանակ չեն ընդունել այդ կոչը: Թուրքիայի արդյունաբերողների եւ արտադրողների միության փոխնախագահ Պեկին Բարանը, օրինակ, ասել է, որ Թուրքիայի լավագույն պատասխանը Ֆրանսիայի Ազգային ժողովին կլինի բարեփոխումների իրականացումը եւ դեպի Եվրոպա շարժվելը:

Նաեւ կարծիքներ են հնչել, որ բոյկոտը կարող է ավելի մեծ վնաս հասցնել Թուրքիային, քան Ֆրանսիային:

Ընդ որում` ԵՄ դիվանագետներից մեկը ԱՄՆ դեսպանին ասել է, որ ԵՄ երկրներից մեկի կողմից մյուսի բոյկոտումը Միությունում արգելվում է, եւ եթե Թուրքիան գնա այդ քայլին, ապա ԵՄ-ին անդամակցելու հույսեր կարող է չունենալ:

Հաղորդագրության մեկնաբանության մեջ ասվում է. «Թեեւ մենք հույս ունենք, որ այդ հարցը արագ կկարգավորվի, եթե գործը մինչեւ Սենատ չհասնի, սակայն քանի որ քննարկումները Փարիզում շարունակվում են, մենք կանխատեսում ենք, որ պաշտոնատար անձանց կոշտ հայտարարությունները դեռ կշարունակեն հնչել»: