կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 12:04
Աշխարհ

ԱՄՆ-ը հայտարարել է Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին. պատճառը «ցեղասպանությունն ու մարդու իրավունքներն են»

ԱՄՆ-ը հայտարարել է Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին. պատճառը «ցեղասպանությունն ու մարդու իրավունքներն են»

ԱՄՆ պաշտոնյաները չեն մասնակցի Պեկինի օլիմպիական խաղերին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Հաշվի առնելով ՉԺՀ-ի ցեղասպանությունը Սինցզյանում (ույղուրաբնակ շրջան) և մարդու իրավունքների այլ խախտումներ՝ Բայդենի վարչակազմը դիվանագիտական կամ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին՝ 2022-ի ձմեռային օլիմպիական խաղերին և պարալիմպիկ խաղերին»,- ասել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ այս որոշումը չի ազդի մարզիկների վրա։ Նա նշել է, որ մրցույթի մասնակիցները կստանան իշխանությունների լիակատար աջակցությունը, սակայն երկրի պաշտոնյաները «չեն նպաստի գալիք խաղերի շուրջ բարձրացված աղմուկին»։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ հարգում է ԱՄՆ իշխանությունների որոշումը։

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունն այս որոշումը որակել է «քաղաքական մանիպուլյացիա»։

«Ամերիկացի քաղաքական գործիչներին հրավերներ չեն եղել, ուստի այս «դիվանագիտական բոյկոտը» ուղղակի անտեղի է: Նման հավակնոտ արարքը պարզապես քաղաքական շահարկում է և Օլիմպիական խարտիայի ոգու լուրջ խեղաթյուրում»,- ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Լյու Պենգյուն։

Հունվարին ԱՄՆ-ն աշխարհում առաջինն էր, որ մեղադրեց Չինաստանին ույղուրների ցեղասպանության մեջ։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ազգային փոքրամասնությունները բանտարկվել են փակ աշխատանքային ճամբարներում, հարկադրվել ստերիլիզացման և խոշտանգումների։ Բացի դրանից, ըստ նրա, ՉԺՀ-ի իշխանությունները խախտել են ույղուրների դավանանքի և արտահայտվելու ազատությյունները։

Ավելի վաղ Կանադայի և Նորվեգիայի քաղաքական գործիչները ևս կոչ էին արել բոյկոտել Պեկինի օլիմպիական խաղերը։ Մեծ Բրիտանիան նույնպես դիտարկում է դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը։