Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնությունը, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով ապրիլի 5-ի հանրաքվեն բոյկոտելու կոչ է անում:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Կոչ ազգային համերաշխության
Կոչ ապրիլի 5-ը բոյկոտելու
Նկատի ունենալով՝
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական անհանդուրժողության մթնոլորտը, ուժերի պառակտվածությունն ու հասարակության հաշտության երկխոսության բացակայությունը,
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում սկսված եւ արդեն սպառվող կոռուպցիայի դեմ պայքարի սահմանափակ արդյունքները,
Հայրենիք ներթափանցած գլոբալիստական ապազգային ալիքը եւ նրանցից սնվող բախտախնդիր անհատների շարունակական սպառնալիքն ընդդեմ մեր ազգային արժեքների, արդեն թույլատրելիության սահմաններն անցնող քաղաքական հալածանքները, որոնք ծառայում են ոչ թե հեղափոխություն իրականացրած մեծամասնության, այլ՝ գլոբալիստների տնտեսական շահերին:
Նկատի ունենալով սփյուռքում համահայկական ծրագրերի՝ հայապահպանության, հայկական դատի պահանջատիրության եւ ազգային արժեքների պահպանության հետզհետե թուլացող ներուժը,
Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ եւ վտանգավոր իրավիճակը, նամանավանդ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու թուրք-ադրբեջանական շարունակվող ու ահագնացող արկածախնդիր նկրտումները տարածաշրջանի բոլոր ժողովուրդների եւ մասնավորապես Վրաստանի, Արցախի, Նախիջեւանի եւ նույնիսկ սփյուռքահայ զանգվածների նկատմամբ,
Եվ վերջապես, նկատի ունենալով ամբողջ աշխարհին տարեց տարի ավելի սպառնացող գլոբալ տաքացման վտանգը, որի հետեւանքները Հայաստանում զգացվում են բարձր ջերմաստիճանի, հրդեհների եւ համաղետային այլ նշաններով,
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում համահայկական հաշտության, համահայկական երկխոսության եւ վերազգային նպատակների շուրջ կոնսենսուսի ձեւավորման:
Ստեղծված իրավիճակում պահանջում ենք՝
1. Մասսայականորեն բոյկոտել 2020 թվականի ապրիլի 5-ի հակաժողովրդավարական եւ պառակտիչ հանրաքվեն,
2. Ազգային օրակարգից ընդմիշտ հանել Ստամբուլյան կոնվենցիայի, հայերեն լեզվի դասավանդման սահմանափակման եւ նման անհեռանկար ու պառակտող երեւույթների քննարկումները,
3. Համատեղ ուժերով ձեւավորել համահայկական ազգային կոնսենսուսային տասնամյա ծրագիր,
4. Նիկոլ Փաշինյանի վարչակազմից՝ հեղափոխության նպատակների վերագործադրման նպատակով առողջ ուժերի հետ անհապաղ սկսել երկխոսություն:
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը քաղաքական բոլոր շրջանակներին հրավիրում է վերոնշյալ չորս նպատակների շուրջ համագործակցության:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն թե անհատ պարտավոր է այսուհետև իր հստակ կեցվածքն ունենալու Հայաստանի Հանրապետությանն ու հայությանը սպառնացող՝ վերևում ներկայացված երեւույթների նկատմամբ: Ծածուկ գործողությունների, չարաշահումների եւ մանիպուլյացիաների ժամանակն անցել է, ժամանակն է հեղափոխության իրական նպատակների շուրջ ձեւավորելու հայության համախմբման համահայկական դաշինք»: