Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
15 րոպեն էլ բավական է` հայ երիտասարդների մասին կարծիք կազմելու համար, պարզապես պետք է դուրս գալ և զբոսնել Երևանով, լսել նրանց խոսակցությունը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք անմիջապես կհիասթափվի: Ժողովուրդը մի բան գիտեր, որ ասում էր. «Տեսքին նայում ես, հավեսդ ա գալիս, բայց որ բերանը բացում ա` թող ու փախի»:
Հետաքրքիր է` ինչ կասեին մեր նախնիները, երբ լսեին, թե ինչպես են խոսում հայ ժողովրդի որոշ զավակներ: Քայլում էի քաղաքով, և քանի որ մի քիչ ժամանակ ունեի, որոշեցի հետևել տղաների խոսակցություններին: «Վախ իմ արեւ, էս ինչ ես ասում, այ ախպեր». երբ այս արտահայտությունը լսեցի, ակամայից շրջվեցի և շատ զարմացա` տեսնելով, որ ասողը 12-13 տարեկան երեխա էր: Անգամ հարց առաջացավ ինձ մոտ` նրանք տանն է՞լ են այդպես խոսում:
Մի փոքր այն կողմ կանգնած էին երիտասարդ տղաներ, և որոշեցի նրանց խոսակցությանն էլ ականջ դնել. հետո էլ կասեն, թե տղաները չեն բամբասում: «Բա տեսե՞լ ես` էն Արտոյի քուրը ոնց ա հագնվում: Ես որ ախպոր տեղը ըլնեյ` ամա˜ն», - ասաց տղաներից մեկը, իսկ մյուսը, նրա խոսքը շարունակելով, ավելացրեց. «Ախպոր գլխին կոտոշներ ա դնում, էդ էլ չի տենում, արա, ինչ լավ ա` տենց քուր չունեմ»:
Ուղղակի զարմանում եմ. մեր ժողովուրդը դարերի ընթացքում պայքարել է իր լեզվի, իր կրոնի համար, իսկ հիմա անգամ թուրքական բառեր են օգտագործում խոսելիս: Լսելով նրանց խոսակցությունը` չես հասկանում ոչ միայն բառերը, այլ նաև նախադասության իմաստը: Ո՞վ է մեղավոր, ո՞ւմ կարող ես մեղադրել այս երևույթի համար` ծնողի՞ն, դպրոցի՞ն, թե՞ հասարակությանը: Ոչ միայն կարծում եմ, այլև համոզված եմ, որ դպրոցն այսօր միակ վայրն է, որտեղ հնչում է անաղարտ հայերենը: Այս դեպքում կարևորվում է ընտանիքի դերը: Կարծում եմ` շատ ճիշտ է ասվում. «Ամեն մի երեխա իր ընտանիքի հայելին է»: Նա ինչ տեսնում է տանը, նույնը վերարտադրում է հասարակության մեջ: Ծնողների բացթողումը, չկատարած աշխատանքը անմիջապես երևում է երիտասարդների մոտ:
Կան նաև որոշ հեռուստաընկերություններ, որոնք ժամանակ առ ժամանակ անդրադառնում են այս հարցին, սակայն այսօր այն խեղդվում է անորակ հաղորդումների հորձանուտում: Որոշ երիտասարդներ իրենց խոսելաձևն արդարացնելու համար ասում են. «Հեռուստացույցից ենք լսել, թող ցույց չտան մենք էլ չենք կրկնի»: Հենց այս դեպքում է, որ ծնողը պետք է անհանգստանա ու բացատրի երևույթի տհաճ լինելը:
Ո՞վ պիտի պատասխան տա հայերենը աղավաղելու համար, Թումանյանի, Չարենցի ու մյուս մեծերի հայերենը խեղաթյուրելու համար: Նայում եմ ու զարմանում, բացատրել ու հասկանալ էլ չեմ կարողանում, մի՞թե այս հայ երիտասարդները ազգային հպարտություն, ազգային ինքնագիտակցություն չունեն:
Էմմա Ասատրյան