կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-05 12:22
Հասարակություն

Տիգրան Սարգսյանը պատասխանել է Facebook-ով

Տիգրան Սարգսյանը պատասխանել է Facebook-ով

Երեկ մամուլով տեղեկություն էր տարածվել այն մասին , որ ՀՀ Վարչապետի կինն ու երեխաները Հայաստանի քաղաքացիներ չեն: Ուկրաինաբնակ Քնարիկ Արզումանյանը Facebook սոցիալական ցանցով հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որով խնդրել է վերջինիս պարզաբանել այդ տեղեկությունը: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց - Պարոն վարչապետ, նոր տեղեկացա, որ ձեր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։ Չգիտեմ որքանով է վստահելի այս տեղեկությունը, սակայն խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք այն ճիշտ է։

http://1in.am/arm/armenia_politics_28861.html

Այս տեղեկության վերաբերյալ ձեր պարզաբանումից շատ բան է կախված իմ, ընտանիքիս և հարազատներիցս շատերի հետագա քայլերի՝ Հայաստան վերադառնալ չվերադառնալու, Հայաստանը որպես համայն հայության կենտրոն դիտարկելու և այլ առումներով։

Շնորհակալություն։

Քնարիկ Արզումանյան, Ուկրաինայի քաղաքացի։

Տիգրան Սարգսյան - Իհարկե այդպես չէ: Ընտանիքիս բոլոր անդամները, կինս և երեք երեխաներս ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այլ կերպ լինել չէր էլ կարող: Մեր օրենսդրության համաձայն երեխան, ում ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Դուստրս ծնվել է 1985թ. Երևանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ կինս ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջս աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երևան: Աղջիկս սովորել է հայկական դպրոցում, ամուսնացել է, ամուսնու հետ երեք տարի ապրել է Մոսկվայում, որտեղ ամուսինը սովորում էր ասպիրանտուրայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո նրանք մշտական բնակության վերադարձան Երևան: Երկու տարի առաջ մեզ թոռնուհի նվիրեցին:

Աբգարն ու Մարկոսը ծնվել են Իսպանիայում: Հայաստան վերադառնալուց հետո Աբգարը Երևանում դպրոց է գնում, իսկ Մարկոսը հաճախում է մանկապարտեզ:

Կնոջս հետ ծանոթացել եմ Լենինգրադում, որտեղ սովորում էինք, ես՝ Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, իսկ Գոհարը՝ Պետական համալսարանում: Այնտեղ սովորել եմ յոթ տարի, սկզբում ավարտել եմ ինստիտուտն, այնուհետև՝ ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին, ես նույնպես վերադարձա Երևան և միացա կնոջս (ով վերադարձել էր 1985-ին) և ծնողներիս:

Ճակատագիրը ու հանգամանքները մեզ ուղղորդում են աշխարհի տարբեր ծայրեր, աշխատելու կամ սովորելու, սակայն, համոզված եմ, բոլորիս ցանկությունը նույնն է, որ համայն հայության կենտրոն Հայաստանը մնա մեր ազգի ձգողության ամենաամուր բևեռը:

Ընտանիքս բնակվում է Հայաստանում: Կինս այսօր Հայաստանում զբաղվում է մեր երեխաներով, որպեսզի որդիներս ստանան հայեցի դաստիարակություն, հաճախեն հայկական դպրոց:

Հուսով եմ, ընտանիքիս և նման բազում ընտանիքների օրինակը տվեց ձեր հարցի պատասխանը: Վերադարձե՛ք:

Հարգանքով՝

Տիգրան Սարգսյան