ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին: Panorama.am-ը ներկայացնում է հարցուպատասխանի սղագրությունը:
Al Jazeera - Մի քիչ խոսենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին. 100 տարի է անցել այս աղետից, և մեր ժողովուրդը, հայերը, Սփյուռքը, Հայաստանը կարիք ունեն չմոռանալու, ինչպե՞ս կարող ենք չմոռանալով առաջ գնալ:
-Մենք միշտ առաջ ենք նայել, միշտ: Մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշը հենց դա է: Մենք առնվազն երեք հազար տարի ապրել ենք այս տարածաշրջանում և այդ հազարամյակների ընթացքում ունեցել ենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ կորուստներ, ունեցել ենք ինչպես ուրախության, հրճվանքի պահեր, այնպես էլ տխրության ու ողբի պահեր, բայց մենք միշտ առաջ ենք նայել և հիմա էլ առաջ ենք նայում: 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ, որը մենք ուղղակի պարտավոր ենք անցնել: Սա մի կետ, մի հանգրվան է, իհարկե, նշանակալից հանգրվան, որ մենք ուզում ենք նշել: Ուզում եմ հաշվի առնեք, որ մենք Ցեղասպանության մասին լիաթոք, բարձրաձայն կարողացել ենք խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Այսինքն՝ ընդամենը 24-25 տարի է, որ այս մասին ազատ խոսում ենք, և կարծում եմ, որ այս ընթացում բավականին առաջընթաց է եղել գոնե միջազգային ճանաչման առումով: Այդ ճանապարհը մենք շարունակելու ենք: Մենք իրավունք չունենք չշարունակելու, որովհետև մեզ համար Ցեղասպանության ճանաչումը կամ «ցեղասպանություն »բառն օգտագործելն ինքնանպատակ չէ:
Բոլոր միջոցառումները տարբեր ուղերձներ են պարունակում, և այդ ուղերձներից մեկը հենց հիշողությունն է: Հիշողությունը, մեր կարծիքով, սերտորեն կապված է երախտագիտության հետ. երախտագիտություն բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների, պետությունների հանդեպ, ովքեր փրկել են մեր ժողովրդի մի փոքրիկ մասին, ովքեր հնարավորություն են տվել ապրելու իրենց երկրներում, զարգանալու, պահելու իրենց ինքնությունը: Երրորդ ուղերձը կանխարգելումն է, և մենք մեր պարտքն են համարում վեր հանել, ընդհանրապես, ցեղասպանություն հանցագործության պատճառահետևանքային կապը և, դրանց կրկնության օրինաչափությունները վեր հանելով, կանխարգելել ապագայում որևէ Ցեղասպանություն: Չորրորդ ուղերձը վերածնունդն է: Մենք այս միջոցառումներով ուզում ենք ասել, որ ցեղասպանների ծրագիրը չիրականացավ: Այսօր հայերը կան, Հայաստանը կա և պայքարում է մարդկության լավագույն ապագայի համար: Այնպես որ` մենք առաջ ենք նայում, չենք կարող առաջ չնայել:
Եվ, ինչպես ասացի քիչ առաջ, մենք որևէ պայման չենք դնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու: Մենք, իհարկե, ուզում ենք, որ մեր սահմանները բաց լինեն, ուզում ենք Թուրքիայի հետ առևտուր անել, ուզում ենք, որ մեր քաղաքացիները շփվեն, ուզում ենք, որպեսզի մեր քաղաքացիական հասարակությունները դերակատարություն ունենան անցյալի դասերը սերտելու, պատմության հետ առերեսվելու գործում: Ուզում ենք, որպեսզի Թուրքիայի իշխանությունները այդ բեռն իրենցից գցեն: Մեզ համար մեր պատմությունը բեռ չէ, այլ ընդհակառակը՝ առաջ նայելու մեծ շտեմարան է: Մենք ուզում ենք այդ կերպ այս տարածաշրջանում ապրել, բայց շատ դժվար է, երբ դու մի բան ես ցանկանում, և ուրիշը չի ցանկանում դա: Բայց մենք մեր նպատակի համար պայքարելու ենք: Մենք մեր ցանկացածին հասնելու համար ջանքեր ենք գործադրելու: Այլ ճանապարհ չկա: Երբեք որևէ հայ չի սահմանափակվում Ցեղասպանության մտայնության մեջ: Որևէ հայ բարդույթավորված չէ: Ուղղակի շատ-շատ մարդիկ իրենց սեփական մաշկի վրա են դա զգացել: Գրեթե չկա որևէ հայ ընտանիք, որին Ցեղասպանությունը ինչ-որ կերպ շրջանցած լինի: Եվ ուղղակի այդ մարդկանց ասել՝ դուք Ցեղասպանության մասին մի խոսեք կամ մի պահանջեք պահանջում և դատապարտում, ուղղակի անիմաստ մի բան է: Դա դարձել է այդ մարդկանց կյանքի մի անբաժան մասը: Բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ հայերը դրանով սահմանափակվում են: Ոչ: Մենք մեր ինքնությունը դրա մեջ չենք տեսնում: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք մեր մշակույթի մեջ: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք ապագային նայելու մեջ: Գիտեք` ապրիլի 12-ը շատ հիշարժան օր էր մեզ համար: Մնացած կողմերի մասին չխոսեմ, բայց Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ ճանաչելը նշանակում էր ճանաչել հայ ժողովրդի, հայ հոգևորականության, հայկական եկեղեցու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ: Սա էր նշանակում: Սա է մեր ինքնությունը:
Reuters-ի կովկասյան գրասենյակ - Մի քանի օրից Հայաստանը նշելու է ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցը: Երբ մենք խոսում ենք դրա մասին, մենք չենք կարող չխոսել Հայաստանի և հարևան Թուրքիայի հարաբերություններից: 2009թ. մենք տեսանք հարաբերությունները բարելավելու հնարավորություն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձ, բայց բոլորը գիտեն՝ ինչ տեղի ունեցավ. Արձանագրությունները չվավերացվեցին խորհրդարանի կողմից: Ինչպե՞ս եք տեսնում ապագա հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչ-որ հնարավորություններ տեսնո՞ւմ եք երկու հարևանների համար՝ կապերը բարելավելու:
-Գիտեք, շատ պարզ է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Մենք հարևաններ ենք, հարևանությունը մենք չենք ընտրել: Մենք պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել` գոնե մեզ համար, թեև այդ կանոնները քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել է իր համար, բայց, ցավոք, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ: 2009թ.-ին մենք ենք նախաձեռնել հարաբերություններ հաստատելու գործընթացը, բայց, ինչպես ասացիք, թուրքերը հրաժարվեցին վավերացնել ստորագրված երկու փաստաթղթերը, և հիմա մենք ունենք այլ իրավիճակ, քան կունենայինք, եթե նրանք վավերացնեին այդ փաստաթղթերը: Բայց, միևնույն է, մենք պետք է, ի վերջո, հարաբերություններ հաստատենք, և այդ հարաբերությունների հաստատումը պետք է առանց նախապայմանների լինի: Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում: Մենք չեն ասում՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք: Մենք որևէ այլ պայման չենք առաջադրում, և կարծում եմ՝ մեր մոտեցումն արդարացի, կառուցողական մոտեցում է: Իսկ թուրքերը, ներողություն, ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել: Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա:
CNN Turk. -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ելույթ ունեցավ և ասաց, որ ապրիլի 24-ին Թուրքիան խաղաղության գագաթաժողով է ուզում անցկացնել, ոչ թե Հայաստանն է իր օրակարգը: Հայտարարություն է արել նաև Դավութօղլուն, ով չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, բայց ասել է «մարդկության դեմ հանցագործություն» բառը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Էրդողանը շատ ավելի խիստ էր արտահայտվում: Ի՞նչ եք կարծում նրան մոտեցումների, այդ որակումների մասին:
-Ես համարում եմ, որ այդ որակումները և անցյալ տարի պարոն Էրդողանի, այս տարի պարոն Դավութօղլուի այն հայտարարությունները, որոնցում տեղ են գտել այդ որակումները, ուղղակի հնարք են` խափանելու այն ընթացքը, որն այսօր ունի Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ աշխարհում: Ես ավելացնելու ոչինչ չունեմ և չեմ էլ ցանկանում մեկնաբանել պարոն Դավութօղլուի ասածները, որովհետև ինձ համար նախ զարմանալի էր, թե ինչու պարոն Դավութօղլուն այդ հայտարարությունը երեք-չորս օր շուտ արեց, այլ ոչ թե ապրիլի 24-ին կամ գոնե ապրիլի 24-ի նախօրեին: Այսինքն` սա մեկ անգամ ևս փորձ էր՝ ինչ-որ կերպ հանդարտեցնելու միջազգային հանրությանը, ասելու՝ տեսեք, ես ինչ բառեր եմ օգտագործում և այլն: Չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ակնկալիք ունեմ, որ վաղը կամ մյուս օրը պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի ու կանի իրական հայտարարություն, որտեղ նա կասի այն, ինչ-որ պետք է ասի: Եվ սա, իրոք, կարող է հաշտեցման գործընթացի դուռ բացել մեր երկու ժողովուրդների միջև: Ավելի ճիշտ՝ ոչ թե մեր երկու ժողովուրդների, այլ Թուրքիայի իշխանությունների և մեր միջև, որովհետև ես որևէ կշտամբանք կամ «թթու խոսք» չունեմ` ասելու թուրք ժողովրդի հասցեին: Իմ աշխատանքի բերում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ինչպես թուրքական իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ հասարակ թուրք մարդկանց հետ: Մտածելակերպը, մոտեցումները տարբեր են: Այնպես որ` մենք ակնկալում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություն, որը երկար և հարթ ճանապարհի սկիզբ կարող է լինել:
BBC -Ի՞նչ եք ակնկալում՝ որպես ավելի ուժեղ հայտարարություն Թուրքիայի նախագահից, և ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը նրան, որ Թուրքիան ապրիլի 24-ին նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը:
-Ակնկալիքս պարզ է` իմ ակնկալիքը նույն է, ինչ ողջ հայ ժողովրդինը. մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն պատասխանատվությունը Օսմանյան կայսրության իշխանավորների հետ, որովհետև, եթե ժխտում ես, եթե արդարացնում ես, նշանակում է` կիսում ես պատասխանատվությունը: Թուրքիայի այսօրվա իշխանություններ չեն իրականացրել Ցեղասպանություն, բայց երբ մեկն արդարացնում է մյուսի հանցագործությունը, մեղսակից է դառնում: Մեր ցանկությունն ընդամենը այն է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն, որ, այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն, հազարամյակներով այդ տարածքներում ապրած մարդկանց ծրագրված բնաջնջում: Սա է մեր ակնկալիքը: