կարևոր
3334 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-05 09:17
Քաղաքական

Ի՞նչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»

Ի՞նչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, նաեւ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման եւ ճնշումներ գործադրել նրա վրա: Այս մասին ասվում է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարության մեջ:

«Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող՝ հանձնաժողովի անդամների ընտրությունը եւ կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամների հետ»,- պահանջել են քաղհասարակության ներկայացուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել վերջերս կայացած այդ դռնփակ նիստից: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նիստի ընթացքում հնչել է 5 հարց: Ագրեսիվ են եղել հատկապես հարցի հնարավորություն ունեցած 2 պատգամավորները՝ Արսեն Թորոսյանը եւ Տրդատ Սարգսյանը, քանի որ երկուսն էլ ունեցել են անձնական հարցեր:

Բանն այն է, որ 2020թ. օգոստոսի 6-ին ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման հինգ պայմանագիր էր կնքել «Միբս» ընկերության հետ 124 մլն դրամի շրջանակներում, որի տնօրենը նախարարի կինն էր, իսկ մինչ այդ՝ հենց ինքը՝ Արսեն Թորոսյանը։ Իհարկե, հետո ԿԿՀ-ն տվել էր եզրակացություն, որ շահերի բախում չկա, սակայն Հայկուհի Հարությունյանը դեմ էր քվեարկել այդ որոշմանը:

Նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում շահերի բախման իրավիճակը բացակայում է, իսկ Տրդատ Սարգսյանը Հայկուհի Հարությունյանի հետ խնդիր է ունեցել հարազատ եղբոր գործով: Բանն այն է, որ ԿԿՀ-ն դատավորի թեկնածու առաջադրված Դավիթ Սարգսյանի մասով տվել է բարեվարքության բացասական գնահատական: Իհարկե, ԲԴԽ-ն, հաշվի չառնելով այդ գնահատականը, պատգամավորի եղբորը այս տարվա սեպտեմբերի 22-ին նշանակել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, բայց ՔՊ պատգամավորը հաշիվ է պահանջել Հայկուհի Հարությունյանից, թե ինչու է վատ եզրակացություն տվել իր եղբոր մասով:

Ավելին՝ տեղեկացանք, որ մինչեւ դատավորի թեկնածու դառնալը ՔՊ պատգամավորի եղբայր Դավիթ Սարգսյանը ցանկացել է դառնալ հենց ԿԿՀ հանձնաժողովի անդամ, սակայն նրա թեկնածությունը մերժվել է ներսում: Հայկուհի Հարությունյանին քննադատական հարցեր է ուղղել նաեւ Արսեն Թորոսյանի մտերիմ Մարիա Կարապետյանը, իսկ Վլադիմիր Վարդանյանը իր ոճի մեջ հա՛մ գովել է, հա՛մ խայթել:

Իհարկե, ՔՊ-ական պատգամավորներից, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանից մեկնաբանություններ ստանալու ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում