Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, նախքան օրակարգին անցնելը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ԱԺ հրավիրել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներին, որ ներկայացնեն, թե ինչ քայլեր են ձեռնարկում ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ:
«Մինչ այս մեզ հավաստիացրել են, որ Հայաստանն անում է ամեն ինչ` Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու համար: Միևնույն ժամանակ, հայտարարություններ են հնչում, որ ՀՀ-ն բանակցային պրոցեսում Ղարաբաղի ներգրավվածության հարց չի բարձրացրել, նաև` Վինենայում: Պետք է հրատապության կարգով ԱԳՆ ներկայացուցչին հրավիրել այստեղ` ոչ թե պարզաբանում տալու, այլ ապացույցներ ստանալու, որ մինչ այս քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի բանակցային պրոցեսին»,- ասաց պատգամավորը և առաջարկեց հարցն ընդգրկել հրավիրված նիստի օրակարգում:
Արձագանքեց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը` ասելով, թե Հայաստանի քաղաքականության հիմքում միշտ էլ դրված է եղել Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը մնում է նույնը` առանց ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության, հնարավոր չէ խնդրի կարգավորում, պարզապես այս պահին տեխնիկապես հնարավոր չէ դա կազմակերպել:
Արձագանքեց նաև նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա` Հայաստանը միշտ էլ շահագրգիռ է եղել բանակցային պրոցեսում, որ Արցախը ներգրավվի, սակայն Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը Ղարաբաղին դուրս մղեցին բանակցություններից:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով էլ` Փաշինյանի առաջարկը տեղին է, և արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԳ նախարարի հետ` կազմակերպել փակ հանդիպում, որի ժամանակ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Միաժամանակ, Արտակ Զաքարյանը շեշտեց, որ հանդիպումը պետք է լինի իսկապես փակ, և տեղեկատվություն չպետք է հայտնվի ԶԼՄ-ներում: