կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 13:30
Քաղաքական

Բեկումնային չեղավ, բայց "կատաստրոֆիկ" էլ չէր

Բեկումնային չեղավ, բայց "կատաստրոֆիկ" էլ չէր

Թուրքական եւ ադրբեջանական մամուլին հետեւելով` կարող ենք ասել, որ այս անգամ թուրքերն աշխատում էին մեզ ինչ-որ տեղ խնայել եւ լավ աչքով նայել. անդրադառնալով Կազանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` այսօր լրագրողներին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ, ի տարբերություն նախկին անգամների, այս անգամ Ալիեւը լռություն պահպանեց, նույնիսկ արտաքին գործերի նախարարը շատ զգույշ էր իր հայտարարության մեջ, եւ նախկին հարձակողական ու լկտի վերաբերմունքն այս անգամ չկար, ինչից կարելի է եզրակացնել, որ նրանք լուրջ սպասելիքներ ունեին, բայց արդյունքում Կազանը ոչ մի բան չտվեց:

«Ամենայն հավանականությամբ, խնդիրն այս անգամ շատ կարճ ժամանակով հետաձգվեց, սպասեք մի նոր ալիքի»,- հայտարարեց Եղիազարյանը` հավելելով, որ ապագայում շատ արագ մի հանդիպում եւս կլինի, որի ժամանակ կողմերը փաստաթուղթ կստորագրեն:

Բանավիճող մյուս կողմը` ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը, ՀԱԿ ներկայացուցչի հետ չհամաձայնեց` նշելով, որ Կազանի հանդիպումը չի կարելի հարյուր տոկոսով ձախողված համարել: «Ճիշտ է, բեկումնային չեղավ, բայցեւ կատաստրոֆիկ ձախողում էլ չպետք է համարենք»,- եզրակացրեց հանրապետական գործիչը եւ մեջբերեց հանրապետության նախագահի խոսքերը, որ «համաձայնություն չի կայանա, քանի դեռ Ադրբեջանում հայատյացության մթնոլորտ է տիրում»:

Ռ. Պետրոսյանը նաեւ շեշտեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԼՂՀ-ի մասնակցությամբ: «Սա շատ կարեւոր ընկալում է, եւ միջազգային հանրությունն արդեն իսկ հասկացել է դա»,- նշեց նա` հավելելով, որ այդ եզրահանգմանն է եկել Օբամայի վերջին հեռախոսազրույցից, որի ընթացքում ԱՄՆ նախագահն ասել է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը պետք է հասնեն համաձայնության:

«Իսկ ո՞վ է ձեր ձեռքից բռնել, այկիդո արել, որ 1998թ.-ից Ղարաբաղը դուրս մղեցիք գործընթացներից: Ինչո՞ւ ենք մենք 13 տարի հետո անդրադառնում այդ խնդրին»,- նրան վրդովված հակադարձեց ՀԱԿ ներկայացուցիչը:- Ինչո՞ւ մենք հանեցինք մեր ձեռքով, հիմա էլ հետողորմյա ենք անում, ասում ենք` այ, Օբաման, որ զանգ տվեց, Ղարաբաղի անունը տվեց, ուրեմն նա էլ է բանակցային կողմ»: