Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հանդես եկավ արտահերթ ելույթով: Նա նշեց, որ կարծում է՝ որպեսզի հնարավոր լինի ամբողջական գնահատական հնչեցնել 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, պիտի կարողանալ իրականացնել օբյեկտիվ վերլուծություն:
Շարմազանովը նախ հարց հնչեցրեց՝ 2016 թվականը բարենպա՞ստ տարի էր, թե՞ ոչ` աշխարհի ու մեր տարածաշրջանի համար, ապա ինքն էլ պատասխանեց՝ բարենպաստ չէր: ԱԺ փոխնախագահը հասկանում է՝ 0.2 տոկոս տնտեսական աճից ավելի շատ են եղել ցանկությունները, բայց պիտի հասկանալ, թե ինչ օբյեկտիվ պատճառներ են եղել նման թվով տնտեսական աճի համար: Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ անդամները, Եվրամիության երկրներն էլ են քիչ աճ ապահովել:
«Պակասուրդ ենք ունեցել, բայց, այս ամենով հանդերձ, կարողացել ենք պահպանել մակրոտնտեսական կայունությունը: Մեր տնտեսությունը ցնցումների մեջ չի ընկել, հակառակ դեպքում` դրան գումարած պատերազմը, հուլիսյան ահաբեկչական դեպքերը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ: Մեր ընդդիմադիրներն ասում են, թե` ինչ լինում է, դրսի վրա եք գցում, բայց այսքան մարտահրավերներով լի, գումարած ապրիլյան պատերազմը, լուրջ հարված էր մեր քաղաքական ու տնտեսական համակարգին: Ապրիլին ևս ընկավ զբոսաշրջությունը, այսօր ավելացել է զբոսաշրջության թիվը նրա հաշվին, որ քաղաքական կայունություն կա»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա պակասուրդի վերաբերյալ նշեց, որ նույնիսկ Վրաստանի նման երկիրը 10 տոկոս դեֆիցիտը փակել է պարտքերի հաշվին:
«Մեզ էլ է մտահոգում արտաքին պարտքը: Այստեղ կարևորն այն է, որ դրա կառավարումը պիտի ահավոր արդյունավետ իրականացնենք: Մեկ անգամ չէ, որ վարչապետը, ֆինանսների նախարարը, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները դրա մասին խոսել են: 2017 թվականը լինելու է կայունության տարի, բայց 2016-ը եղել է մարտահրավերների տարի: 0.2 տոկոսը կատաստրոֆիկ թիվ չէ: Ես կոչ չեմ անում կանգ չառնել այս թվի վրա, մենք պիտի ավելի քրտնաջան աշխատենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը ուշադրություն հրավիրեց ստվերային տնտեսության երկրների տասնյակին, որոնց մեջ, ինչպես ինքը նշեց, բարեբախտաբար, Հայաստանը չկա, ինչը նաև կառավարության շնորհիվ է: Նա հայտնեց՝ տասնյակը գլխավորում է Ադրբեջանը, իսկ Եվրամիության երկրներից Էստոնիան և Բուլղարիան ևս տասնյակում են:
«Եթե վատը խոսում ենք, լավն էլ ասենք, ես սրա կողմնակիցն եմ: 0.2 տոկոսը մեզ չի բավարարում, բայց կա կառավարության նոր ծրագիր»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ իշխանությունը չի ասում՝ դոփենք տեղում, որովհետև դա նշանակում է լճանալ, մի 5 տարի հետ գնալ է նշանակում, իսկ առաջընթաց կլինի մեկ դեպքում` երբ ընդդիմությունն ու իշխանությունը տան օբյեկտիվ վերլուծություն:
«2016 թ. բարդ քաղաքական-տնտեսական տարում կառավարությանը հաջողվել է դիմակայել արտաքին ու ներքին մարտահրավերին»,- կարևորեց նա և հորդորեց կողմ քվեարկել 2016 թ. բյուջե կատարողականին՝ հույս հայտնելով, որ քննարկման ժամանակ կլինի անհամեմատ ավելի դրական պատկեր: