կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 13:52
Քաղաքական

Ադրբեջանական խավիարը հիմք չի կարող հանդիսանալ հայկական պատվիրակության փոփոխման համար

 Ադրբեջանական խավիարը հիմք չի կարող հանդիսանալ հայկական պատվիրակության փոփոխման համար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ Եվրախորհրդարանում հայկական պատվիրակության աշխատանքներին, զեկույցներին: Նրա խոսքով` ԼՂ հարցով վերջին հակահայկական զեկույցները պայմանավորված էին նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների սրմամբ:

«Կարծում եմ` Եվրախորհուրդը, իրեն նման իրավունքներ վերապահելով, պետք է հասկանա, որ ԼՂ խնդիրները լուծում է մեկ այլ կառույց` ԵԱՀԿ ՄԽ-ն: Չեմ կարծում, որ նման զեկույցների միակողմանի ներկայացումը պատիվ չի բերում Եվրախորհրդարանին: Եվրախորհրդարանը պետք է զերծ մնա երկակի ստանդարտներով առաջնորդվելուց և նմանատիպ զեկույցների քննարկում իրականացնելուց, որովհետև դա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել միջազգային այլ կառույցներում կամ ԵԱՀԿ ՄԽ-ում: Համոզված եմ, որ մեր պատվիրակության կողմից կատարվող աշխատանքը կտա որոշակի դրական արդյունքներ»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Լրագրողների հարցին` հնարավո՞ր է ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում փոփոխություններ լինեն, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ չի կարծում, որ փոփոխություններ կլինեն, համենայն դեպս, նման հարց չի քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստում: Պատգամավորը վստահեցրեց, որ հայկական  պատվիրակությունը իր աշխատանքները կատարում է բարձր մակարդակով` իրականացնելով լուրջ աշխատանք:

Լրագրողների հարցին` իսկ եթե այս անգամ ադրբեջանական խավիարը հակահայ զեկույցների քննարկման պատճառ դառնա, այդ դեպքո՞ւմ էլ հայկական պատվիրակության կազմում փոփոխություններ չեն լինի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ադրբեջանական խավիարը հիմք չի կարող հանդիսանալ հայկական պատվիրակության փոփոխման համար»:

Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում պայքարել ադրբեջանական խավիարի դեմ, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կասպից ծովը պետք է ցամաքեցնենք»: