Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան պատերազմը եկավ ևս մեկ անգամ հավաստելու այն օրինաչափությունը, որ բոլոր պատերազմներում առաջին հերթին տուժում են երեխաները: Տարիքային ամեն մի խմբի համար պատերազմը մի ձևով էր բեկվելու. մինչև երկու-երեք տարեկանների համար` որպես պայթյունի չգիտակցված մի սարսուռ և հոգնեցնող մի ընթացք ծնողների գրկում գաղթի ճամփաներին: Չորսից վեց տարեկաններին փոխանցվելու էր դարերի ընթացքում սերունդների մեջ խորը նստվածք տված սարսափը գաղթի ու կոտորածի հանդեպ: Յոթից տասը տարեկանները փորձելու էին հասկանալ, թե ինչ էին ուզում իրենցից, իրենց ծնողներից ու հարևաններից, և որն է իրենց բոլորի մեղքը: Տասից բարձր երեխաներն արդեն հասկանում էին, որ իրենց մեղքը հայ լինելն է, որից կա՛մ պետք է հրաժարվել և կա՛մ էլ կռվով տեր կանգնել իրենց հայությանը:
Պատերազմական տարիների ամեն մի օրը, շաբաթը և ամիսը նրանց մոտեցնելու էր զինվոր դառնալուն: Այս առումով մտքումս անմոռանալիորեն տպավորվել է մի դրվագ, որն այդ օրերի իշխող ընդհանուր հոգեբանության լավագույն արտահայտություններից է, որի մասին «Երկիր»-ի 1992 թվականի ապրիլի 15-ի համարում գրել եմ. «Միշտ մեծերին նմանվել ձգտող երեխաներն էլ են ցանկանում զինվորական համազգեստ հագնել, իսկ աղջիկները տիկնիկների փոխարեն հին լաթերով վիրակապություն են խաղում: Մի ծնող, ցանկանալով ուրախացնել երեխային ու մոռացնել տալ առօրյա սարսափները, Երևանում հարազատների նյութական օժանդակությամբ մի կոստյում էր գնել ու բերել, սակայն երբ երեխան այն հագած դուրս էր եկել, աղջիկները սկսել էին ծաղրել, թե էլ ի՞նչ տղա, որ զինվորական չէ, և երեխան, գտնելով գունաքողարկման կանաչ մեծ մի կտոր, խնդրել էր, որ այն կարեն կոստյումի վրա»:
Պատերազմն իր կնիքը դրեց նաև դպրոցական կյանքի վրա: Արցախում 1990-1994թթ. դպրոցների գործունեությունն ուղիղ համեմատական էր ընդլայնվող պատերազմի պայմաններում կիրառվող զինտեխնիկայի կրակային հզորությունների և կրակի ընդգրկման շառավիղի ընդլայնմանը: Ահա այս պատճառով է, որ սկզբնապես հրացանի և անգամ «ավտոմատի կռվի» շրջանում, երբ մարտերը ծավալվում էին սահմանամերձ բնակավայրերի հանդերում, դպրոցներում պարապմունքները չէին դադարեցվում, որովհետև ավտոմատի հարվածային ուժի ընդգրկած շառավիղն իր հեռահարությամբ մինչև դպրոց չէր հասնի:
Երբեմն դպրոցն ինքը կրակային գոտում չէր լինում, փոխարենը, սակայն, կրակային բաց գոտում էին գտնվում այս կամ այն գյուղի մի ծայրից դեպ դպրոցը տանող ճանապարհը, և կամ էլ մի գյուղում փակվում էր դպրոցը և մյուսում շարունակում գործել, որի համար երեխաները, հարևան գյուղից միջգյուղական փողոցներով և տների բակերով զգուշորեն անցնելով, գյուղից դուրս էին գալիս ու որևէ փոխադրամիջոցով հասնում հարևան գյուղը և երեկոյան այդպես ետ վերադառնում: Օդային ռմբահարումները և հեռահար հրետանին երբ ջնջեցին ճակատային ու թիկունքային բնակավայր հասկացությունները, և փակվեցին Ստեփանակերտի ու շրջկենտրոնների դպրոցները, գյուղական բնակավայրերի դպրոցներում պարապմունքները սկսեցին կազմակերպվել մի ծրագրով, որը պայմանականորեն կարելի է անվանել ուսուցում «ռազմաճակատային մեթոդիկայով», համաձայն որի` դպրոցական պարապմունքները հասցվում էին նվազագույնի և առավելագույնի բարձրացվում տնային հանձնարարությունները:
Ստեղծված իրավիճակում դադարեցվեցին ֆիզկուլտուրայի, աշխատանքի ուսուցման, երաժշտության ու նկարչության դասավանդումը, որովհետև պատերազմական կյանքը ֆիզկուլտուրայի և աշխատանքի ուսուցման ամենօրյա դասավանդման էր վերածվել կենցաղային զրկանքների պատճառով, երաժշտությունը տեղի էր տվել և արձագանքվում էր կրակահերթերի ճարճատյունով, իսկ նկարչությանը փոխարինել էին հոգիներում դրոշմվող պատերազմական պատկերները:
Ինչպես երկրաշարժից հետո աղետի գոտու բնակիչներին երկար ժամանակ սարսափ էր պատճառում անգամ անցնող տրամվայից գետնի ցնցվելը, այնպես էլ պատերազմական տարիներին Ստեփանակերտի երեխաների աչքերի բիբերը սկսում էին անբնականորեն խոշորանալ երկնքից եկող յուրաքանչյուր օդային ալիքից ու տատանումից: 1993թ. մայիսի վերջին, երբ հեռահար հրետանին դեռևս ավերում էր Ստեփանակերտը, ուր կենտրոնացել էին Շահումյանի ու Մարտակերտի գրավյալ մասի գաղթականները, զարմանալի մի լավատեսությամբ և ասես խաղաղ կյանքի տարիների վերհուշով ստեփանակերտցիներից մեկը հառաչելով ասաց, որ գոնե հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը չկրակեն:
Հունիսի 1-ին ասես չար մի զուգադիպությամբ թե դժբախտ օրինաչափությամբ կույր ռմբակոծումների ալիքը քաղաքի բակերից մեկում խլեց ևս երկու մանկական կյանք, որով կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թե՛ երեխաների պաշտպանության միջազգային օրը և թե՛ տարբեր այլ միջազգային օրերը չեն կարող երաշխիք լինել երեխաների պաշտպանության համար, և որ գլխավոր երաշխիքը կարող է լինել հակառակորդի կրակակետերի լռեցումը և Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը, որն իրականացվեց մինչև հաջորդ տարվա՝ 1994 թվականի մայիսը, երբ կնքվեց զինադադարը:
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ