կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 19:47
Արցախ

Արցախի երեխաները ստիպված էին անցնել պատերազմի դաժանությունների միջով. ԱՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին եւ պաշտպանելու նրանց իրավունքները։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի մարդու իրավունքների գրասենյակից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր, անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։ Երեխաները ունեն մեր պաշտպանության կարիքը եւ մենք ուղղակի իրավունք չունենք անտարբեր լինելու նրանց անհոգ ու բարեկեցիկ մանկության նկատմամբ։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը իր բացասական հետեւանքներն է թողել Արցախի երեխաների իրավունքների պաշտպանության վրա։ 1 երեխա զոհվել է, 9-ը՝ վիրավորվել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախային եւ ոչ տարբերակված հարձակումների հետեւանքով։

Արցախի երեխաները ստիպված էին անցնել պատերազմի դաժանությունների միջով՝ ապրելով ապաստարաններում մշտական ռմբակոծությունների տակ՝ զրկվելով իրենց ընտանիքների հետ բնականոն ապրելու իրավունքից։ Հարյուրավորները կորցրել են իրենց հարազատներին՝ հայրերին, եղբայրներին եւ պապիկներին, եւ այսօր էլ առերեսվում են կորստի հոգեբանական հետեւանքներին։

Պատերազմի հետեւանքով ավելի քան 10000 երեխա տեղահանվել է իր բնակավայրերից․ խախտվել է նրանց՝ ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը:

Պատերազմի ողջ ընթացքում Արցախի երեխաները զրկված էին կրթական իրավունքից, այսօր էլ 8000-ից ավելի երեխաներ կրթություն են ստանում իրենց հարազատ միջավայրից դուրս՝ բախվելով միջավայրին ինտեգրվելու հետ կապված հոգեբանական խնդիրների։

Սրանք Արցախի երեխաների իրավունքների խախտման ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վերացնելու համար Արցախը միջազգային հանրության եւ մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների աջակցության կարիքը ունի։

Երեխաների պաշտպանության օրը շնարհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին եւ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան հույս եմ հայտնում, որ այս կոչը տեղ կհասնի եւ միջազգային հանրությունը կկանգնի Արցախի երեխաների կողքին՝ պաշտպանելու նրանց իրավունքները»։