կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 14:58
Քաղաքական

Հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու համար. Արցախի ՊԲ հրամանատար

Հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու համար. Արցախի ՊԲ հրամանատար

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց Պաշտպանի օրվա կապակցությամբ.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի զինակից ընկերներ. 

Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն  հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր  տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել  մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար:

Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների  իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչը այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական:

Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների  առջև:

Շնորհավորանքներս ՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը:

Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»: