Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների և զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ՝ Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը.
«Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար և անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական և տարրական իրավունքներից և ազատություններից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, զարգացումը, ընտանիքի վերամիավորումը, հոգեբանական և մտավոր անձեռմխելիությունը, բավարար կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունը։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու և ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքից՝ մնալով օտարված ծնողական խնամքից, սիրուց և ընտանեկան միջավայրից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1820 երեխա շրջափակման պատճառով չեն կարողացել տեսնել իրենց ծնողներից մեկին կամ երկուսին, ինչի հետևանքով երեխաները լուրջ հոգեկան տառապանքներ են կրել:
Արցախի բոլոր հաստատություններում կրթական գործընթացը պարբերաբար խաթարվել է Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման պատճառով՝ հանգեցնելով երեխաների ընկալունակության և ուշադրության մակարդակի ընդհանուր նվազմանը։ Համապատասխան սոցիալականացման բացակայությունը, խաթարված կրթությունը, ինչպես նաև ընտանիքների և հարազատների հետ բաժանումը հանգեցրել են հոգեբաններին և նյարդաբաններին երեխաների այցելությունների աճին՝ շուրջ 47 տոկոսով։ Արցախցի երեխաների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չեն կարողանում դիմել ուսումնական հաստատություններ և Արցախից դուրս օգտվել կրթական հնարավորություններից։
Արցախ սննդամթերքի ժամանակին և բավարար մատակարարումների բացակայության պայմաններում երեխաները, այդ թվում՝ նորածինները, կանգնած են թերսնուցումից, վիտամինների և հանքանյութերի պակասի և դրանից բխող առողջական խնդիրների լուրջ սպառնալիքի առաջ։
Երեխաների իրավունքները մարդու իրավունքներ են, և դրանք պետք է լինեն համընդհանուր՝ անկախ երեխայի ծագումից կամ էթնիկ պատկանելությունից: Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Այնինչ, 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հետապնդում է կայուն զարգացման նպատակներ, արցախցի երեխաները դեռևս պայքարում են իրենց հիմնական իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ապահովման համար։
Արցախի երեխաներին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ քայլեր ձեռնարկել արդյունավետորեն պաշտպանելու մեր երեխաների իրավունքները և կանխելու Ադրբեջանի հայատյաց և բռապետական ռեժիմի կողմից ամեն օր հնչեցվող սպառնալիքները։
Աշխարհի բոլոր երեխաների, այդ թվում Արցախի 30,000 երեխաների անհոգ ներկայի և ապագայի պաշտպանությունը մեր համընդհանուր պատասխանատվությունն է»։
Շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ մանրամաները ներկայացված են մեր զեկույցներում՝
https://artsakhombuds.am/en/document/997
https://artsakhombuds.am/en/document/1022