կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-04 23:02
Մշակույթ

Գույնզգույն արեգակներ` Ազգային պատկերասրահում

Գույնզգույն արեգակներ` Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Գ. Յակուլովի ներդրումը համաշխարհային թատրոնի, գեղանկարչության և արվեստի տեսության պատմության մեջ անգնահատելի է: Նա նկարիչ նորարար էր, կոնստրուկտիվիզմի հիմնադիրը ռուսական և հայկական բեմանկարչությունում: Յակուլովը ստեղծել է արվեստի պատմության մեջ նախադեպը չունեցող գույնզգույն արեգակների և այստեղից բխող ոճերի ծագման տեսությունները:

Նա միակն էր հայկական արվեստում, որ ուսումնասիրեց արևի լույսի և գույների ռիթմը, շարժումը տարածության մեջ, ընդ որում` ոչ միայն գեղանկարչության, այլև ֆիզիկայի տեսանկյունից: Նա ուներ նպատակ` ստեղծել արևելքի և արևմուտքի մշակույթներից սինթեզված մի նոր արվեստ, որը կկոչվեր Արևելյան վերածնունդ և կհակադրվեր Արևմտյան ռենեսանսին: Յակուլովը ռուսական ավանգարդի լավագույն և վառ ներկայացուցիչներից է:

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսը ընդգրկում է նկարչի` միայն թանգարանում գտնվող ստեղծագործությունները` գեղանկար, գրաֆիկա, թատերական ձևավորումներ /86 միավոր` 130-ից/ և զբաղեցնում է 4 ցուցասրահ:

Գեորգի Յակուլովը ծնվել է Թիֆլիսում` 1884 թ.: 1893թ. ապրել, սովորել և ստեղծագործել է Մոսկվայում: Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Ավելի քան 40 հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է: Ձևավորել է 23 բեմադրություն Մոսկվայում, Մինսկում, Փարիզում և այլուր: Մահացել է Երևանում` 1928 թ. դեկտեմբերի 28-ին, թաղվել է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:

Արվեստաբան Ժան Կլոդ Մարկադեն գրել է, որ խոսել Յակուլովի մասին` նշանակում է ներկայացնել մի ամբողջ աշխարհ, բացահայտել Վերածննդի դարաշրջանին արժանի անձնավորություն, ներկայացնել արվեստ, որում նկարի պարզությունն ու նրբությունը միաձուլվում են հորինվածքային կառուցվածքի պոռթկմանը: