Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԺ-ում շարունակվում է 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ դժգոհություն հայտնեց, որ ԱԺ դահլիճում վարչապետն ու փոխվարչապետը նստած չեն:
«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետն այստեղ չեն, շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չեն հետաքրքրում նրանց այստեղի քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույն է, կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ, և երկրի տնտեսական կարևորագույն փաստաթուղթը կսղղացնեն ու կանցկացնեն: Դրա համար կառավարության մի քանի ներկայացուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովհետև գիտեն` կա քաղաքական որոշում, և վաղն առավոտյան այստեղ դակվելու է»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ բյուջեի նախագծի քննարկման մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա էր, ավելի ուշ նա լքեց դահլիճը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ կառավարությունը նոր էր ստանձնել իր լիազորությունները, բավական լավ մեսիջներ էր հղում հանրությանը՝ կոռուպցիայի վերացում, տնտեսության ազատականացում, հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար: «Այսօր սակայն ունենք զրո արդյունք»,- ասաց նա` հավելելով, որ հրապարակվել է կոռումպացված երկրների ցուցիչը, ըստ որի՝ 176 երկրներից Հայաստանը 132-րդ «պատվավոր» տեղում է, այն դեպքում, երբ հարևան Վրաստանն առաջին 50-ի մեջ է:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ այն ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե Սինգապուրի մոդելով է գնալու, մինչդեռ ոչ միայն կոռուպցիան չի հաղթահարում, այլ, «ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի, ոչինչ չունի»:
Պատգամավորն անդրադարձավ պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար է, և այդ պարտքը պրոգրեսիվ թռիչքով աճում է: Նա ներկայացրեց երեկ ԱՎԾ-ի հրապարակած` աղքատության ցուցանիշները, ըստ որոնց՝ ՀՀ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացի աղքատ է ու ծայրահեղ աղքատ: «1 մլն քաղաքացի օրական վաստակում է 1000 դրամ, և սա համեմատենք խայռատակ գնաճի հետ, որ ՀՀ-ում կա»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ, սրան զուգահեռ, աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում:
«Այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ նստած են տնտեսական մոնոպոլիստները, ովքեր անընդհատ անբերեխիղճ դեմպինգ են անում, որ որևէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, չկարողանա մտնել այդ տնտեսական շուկա, որովհետև այդ ճյուղի վրա նստեցին իրենք և իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»,- ասաց նա:
Պատգամավորը մեջբերեց Ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե մարդկանց մեջ չպետք է ծուլություն սերմանել: «Պետք չէ դասագրքային աքսիոմ ասել: Դե տվեք մարդկանց աշխատելու այդ հնարավորոթյունը, որտե՞ղ են այդ հնարավորությունները, բացի ձեր ներդրումային փուչիկներից»,- ասաց նա:
Զոհրաբյանն ասաց, թե խոսում էին գիտելիքահենք տնտեսության մասին: «Ի դեպ, Մոզամբիկի բյուջեով կրթության և գիտությանը հատկացվել է ՀՆԱ-ի 1,8 տոկոսը, իսկ մեր բյուջեով 1,6%-ը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` այս կառավարությունը եկավ` «բավականին բարձր նոտա վերցրած», մինչդեռ ի՞նչ ստացվեց: «Նրանք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, տեղավորվեցին` մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ արատավոր ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»,- կրկնեց Զոհրաբյանը և հայտարարեց, որ, բնականաբար, «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին: