կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 12:57
Հասարակություն

«Սևազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ, նրանց վրա պետք է գույնզգույն բաբոչկաներ կախվեն, և նրանք կրեն իրենց պատիժը. Դավիթ Խաժակյան

«Սևազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ,  նրանց վրա պետք է գույնզգույն բաբոչկաներ կախվեն, և նրանք կրեն իրենց պատիժը. Դավիթ Խաժակյան

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում Դավիթ Խաժակյանը պատմել է երեկ ուշ երեկոյան իր մերձավորների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռը կողպելիս  երկու հարբած անձինք մոտեցել են Խաժակյանի մերձավորին և սկսել վիճաբանել: «Հարցրել են՝  ի՞նչ ես անում, դու ո՞վ ես, էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է՝ ումից է վարձակալել, հետո հարցրել է, թե` դո՞ւք ով եք: Այս երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո մերձավորս երկար ժամանակ ստիպված է եղել նրանցից պահանջել վկայականը։ Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը, նա եղել է ոստիկան, որից հետո, հարվածելով, քաշքշելով, մերձավորիս նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին»,– պատմում է Խաժակյանը։

Բաժնի դիմաց և ճանապարհին ոստիկանները շարունակել են հարվածել նրա մերձավորին, ինչի հետևանքով կոտրվածք է ստացել դեմքի շրջանում: «Երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, միացել են ևս մի քանի ոստիկաններ, և նրանք ևս շարունակել են հարվածներ հասցնել նրան: Այնուհետև մոտեցել է մեկ այլ ոստիկան, որը ճանաչել է և հասկացել, որ այդ մարդն այդ տարածքի տիրապետողն է, նրան բաց են թողել: Կա նաև հիվանդանոցում տրված թուղթը, որը հավաստում է, որ այդ ընթացքում նա քթի շրջանում վնասվածք է ստացել: Այսինքն` այդ «սևազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ և հարբած վիճակում, փաստորեն, քաղաքացուն տարել, ծեծել են»,-ներկայացնում է Խաժակյանը:

«Այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը: Եթե մեկը մատով կպչում է ոստիկանին, միանգամից քրեական գործ է հարուցվում: Ես դիմում եմ ոստիկանապետ Օսիպյանին` այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն և առաջիկայում ազատվեն աշխատանքից: Թող գնան, պարզեն, ձայնագրությունները կան: Հուսով եմ` ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է: Մենք ևս փաստեր ունենք, որոնք կտրամադրենք: Բոլորը պետք է անխտիր պատիժ կրեն: Ակնկալում եմ, որ նրանց վրա գույնզգույն բաբոչկաներ կախվեն և իրենց պատիժը կրեն»,- ասում  է Խաժակյանը՝ հավելելով, որ գնում է ոստիկանություն` անձամբ ճանաչելու այդ ոստիկաններին: