կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 12:14
Մշակույթ

Ազգային պատկերասրահում կբացվի Ռոբերտ Ֆալկի ցուցահանդեսը

Ազգային պատկերասրահում կբացվի Ռոբերտ Ֆալկի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Կատալոգի հեղինակն և ցուցահանդեսի համադրողը Իրինա Բաղդամյանն է`ՀԱՊ-ի արտասահմանյան գեղանկարի բաժնի վարիչը:

 

Yerkir.am-ին Ազգային պատկերասրահից տեղեկացրին, որ առաջին անգամ ներկայացվելու են Ռ. Ֆալկի աշխատանքները` ՀԱՊ-ի և Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուներից: Կցուցադրվեն բազում կատալոգներում և հետազոտություններում լուսաբանված նկարչի առաջնակարգ ստեղծագործությունները, որոնք լավագույնս բացահայտում են վարպետի արվեստի էվոլյուցիան:

 

Ցուցադրությունը կներկայացնի Ռոբերտ Ֆալկի ստեղծագործական ուղին` սկսած «Բուբնովի վալետ»-ի վաղ (1910-ական թթ.) և փարիզյան (1928-1937 թթ.) շրջաններից մինչև 1940-50-ական թվականները` վարպետի հասուն շրջանը: Ցուցադրության մեծ մասն են կազմում Ֆալկի գեղանկար հորինվածքները, այդ թվում` «Դաշնամուրի մոտ», 1917 թ., «Սևամորթը. Կրկեսի դերասանը», 1917 թ., նկարչի կնոջ` Ա.Վ. Շչեկին-Կրոտովայի «Սև գլխաշորով», 1948 թ., և «Վարդագույն գլխաշորով», 1958 թ., հայտնի դիմապատկերները, բնանկարներ և նատյուրմորտներ:

 

Կցուցադրվեն նաև մատիտանկարներ և ջրանկարներ, ինչպես նաև Կ. Գոլդոնիի «Ստախոսը» պիեսի ձևավորման էսքիզը (1940):

 

Ի դեպ, Ազգային պատկերասրահի հավաքածուում գտնվող աշխատանքների մեծ մասը ձեռք է բերվել 1965 թ,` ՀԱՊ-ում կազմակերպված Ռ. Ֆալկի առաջին անհատական ցուցահանդեսից: Դրանք ներառում են նաև նկարչի այրու` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի թանգարանին նվիրաբերած ստեղծագործությունները: