Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդը մտածողության քանի՞ օրգան ունի: Չէ, ավելի լավ է հարցն այսպես դնել` մարդը մտածողության քանի՞ օրգան կարող է ունենալ: Այսինքն` որ նրան թողնես, ուղեղից բացի, է՞լ ինչով կարող է մտածել: «Առաջին լրատվականից» մի Եղիազար Այնթապցի (այսպես է ստորագրել ինքը), պարզվում է, մտածել կարող է իր ունեցած ամեն ինչով, բացի ուղեղից: Ստացվում է, որ ուղեղ ասվածը միանգամայն ավելորդ շքեղություն է նրա համար: Ինչևէ:
«Դաշնակցությունն ազգային հարցում տեղ չունի»` սա նրա` ոտքերով ստեղծած շեդևրի վերնագիրն է: Մենք այս վերնագրին դեռ կանդրադառնանք ստորև, իսկ առայժմ կբավարարվենք` ասելով, որ նման բան գրողի նյութին անդրադառնալու բուն պատճառը ոչ թե այս վերնագիրն է, այլ այն, որ հեղինակին փառավորապես հաջողվել է ընկնել սեփական ձեռքով փորված փոսը եւ, ըստ էության, ապտակել ինքզինքը: Շատ հազվադեպ պատահող մի ինքնարարք, որ տվյալ պահին հասարակությանը հերթական անգամ ապացուցում է, որ ազգային խնդիրների կապակցությամբ ՀՅԴ-ի քղանցքից կախվելը ամենանշուք գործն է, ինչին ընդունակ է մարդ արարածը:
Այս «Եղիազարը» նախ` գրել է. «Կարծես թե ավելի ու ավելի ուժգնանում են այն գնահատականները, թե Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ տեղի ունեցող ներքաղաքական գործընթացը ղեկավարվում է Արեւմուտքից, իսկ դրա նպատակն էլ այն է, որ Ղարաբաղի ու հայ-թուրքական հարցում նույն մոտեցումներն ունեցող Կոնգրեսի ու Սերժ Սարգսյանի միջոցով Հայաստանից լուծումներ կորզեն»:
Նրա կարծիքով` այս կարգի հայտարարությունները կաղում են, կամ գրեթե զուրկ են տրամաբանությունից: Ինչո՞ւ` հարցնում ենք: Բանից պարզվում է, որ եթե Արևմուտքի մատը խառը լիներ Հայաստանի ներքին գործերում, ապա այդ նույն Արևմուտքը կարող էր քաղաքական զիջումներ պարտադրել Հայաստանին նաև ավելի վաղ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես այսօր, չէր խանգարում «ֆուտբոլային դիվանագիտությանը», իսկ Սերժ Սարգսյանը լիովին տրվել էր դրան:
«Ուրեմն, Արեւմուտքի ուզածն ամենեւին էլ Ղարաբաղում զիջումներն ու հայ-թուրքական կարգավորումը չէ. եթե դա էր, ապա այդ խնդիրը կարող էին լուծել 2008 թվականի աշնանը, երբ պայմանները պակաս նպաստավոր չէին խնդրի լուծման համար»,- եզրակացնում է մեր օրերի Դավիթ Անհաղթը` Արևմուտքին սրբերի դասը կարգելու անսքող մտադրությամբ:
Կարո՞ղ է այս փիլիսոփան մեզ բացատրել, թե ինչ էր շինում Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը ընդամենը մեկ-երկու օր առաջ: ԱՄՆ պետքարտուղարի հետ Ճապոնիային բաժին ընկած դժբախտությո՞ւնն էին քննարկում: Կամ` ինչ բանի էր Քլինթոնը Նալբանդյանի ժնևյան հյուրանոցի համարում` գուցե մեր արտգործնախարարի փողկա՞պն էր ուղղում, որ նա լավ տեսք ունենա արձանագրությունների ստորագրման պահին:
Եվ էլի մի բան` այս «Եղիազարը» լրիվ մտահան է արել, թե ինչը խանգարեց Արևմուտքին, Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին մինչև վերջ հասցնել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների «կարգավորման» գործը: Խորհուրդ կտայինք նրան մեկ անգամ եւս ընթերցել նախագահ Սարգսյանի` Դեր Զոր կատարած այցին առնչվող հրապարակումները եւ, իհարկե, նրա ելույթը Ցեղասպանության զոհերի ոսկորների կողքին:
Մենք դեռ չենք խոսում այն բազմամարդ ցույցերի մասին, որոնցով հայությունը դիմավորում էր ՀՀ նախագահին աշխարհի բոլոր ծագերում` իր շրջագայության օրերին, եւ որոնք հարցի տրամաբանական վճռահատումը կատարեցին այստեղ` Երևանում, 2009 թվականի հոկտեմբերի 9-ին: Հասկանալի է, որ այս ամենը Սերժ Սարգսյանի դեմ չէր: Այս ամենը Հայաստանի հաշվին Արևմուտքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերն սպասարկող արձանագրությունների դեմ էր, որոնք ստորագրվել էին, ի թիվս այլոց, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի լուռ համաձայնությամբ:
Այսօր, երբ Դաշնակցությունը կրկին կոչնակ է հնչեցնում, որ քաղաքական դաշտում ծայր է առնում մի անհասկանալի երկխոսություն Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, չգիտես ինչու եւ չգիտես որտեղից մեր շուրջը դարձյալ ուրվականներ են հայտնվում «եղիազար այնթապցիների» տեսքով, ովքեր, եթե չասենք նպաստում են այդ անհասկանալի երկխոսությանը, ապա առնվազն սկսում են ցեխ շպրտել ազգային գաղափարախոսության եւ ազգային ուժերի վրա` վերջիններիս մեղադրելով այն բանի մեջ, որ նրանք տակավին ձգտում են հասարակության ուշադրությանը գամված պահել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի` Ղարաբաղի եւ հայ-թուրքական խնդիրների վրա:
«Պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքաղաքական մարգինալության վտանգի առջեւ կանգնած ուժերի համար Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական խնդիրը մնացել են մարգինալությունից խուսափելու վերջին հնարավորությունը, եւ նրանք ամեն կերպ փորձում են օրակարգային կենտրոնը բերել դեպի այդ հարցերը, հանրությանը համոզել, թե ամբողջ գործընթացի հիմքում իրականում ոչ թե Հայաստանի ժողովրդավարության խնդիրն է, բարեփոխումների խնդիրը, իշխանափոխության խնդիրը, այլ Ղարաբաղի եւ հայ-թուրքական խնդիրները»,- գրում է «Եղիազարը» եւ ձեռքի հետ էլ փորձում մեզ համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի երկխոսության նյութը ժողովրդավարության ու բարեփոխումների հարցերն են, ինչպես նաև իշխանափոխության խնդիրը (??????):
Այո, հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը շատ տարված է երկխոսությամբ եւ չի նկատում, թե ինչպես են իր հետ երկխոսող Սերժ Սարգսյանի կողմնակիցները ջախջախում ՀՅ Դաշնակցության խորհրդարանական նախաձեռնությունները, որոնք այս անգամ վերաբերում էին հենց ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին:
Իսկ հիմա, ինչպես եւ խոստացել էինք, դառնանք այս զառանցանքի վերնագրին` «Դաշնակցությունն ազգային հարցում տեղ չունի»: Մարդն ամբողջ հոդվածում «մեղադրում» է Դաշնակցությանը ազգային «ախտով» վարակվածության մեջ եւ իր նյութին դնում այսպիսի վերնագիր: Ինչ ասեմ…
Նրա կարծիքով` Դաշնակցությունը հայտնվել է մարգինալացման վտանգի առաջ եւ այդ պատճառով է, որ շարունակում է հասարակության ուշադրությունը պահել ազգային խնդիրների վրա: Բայց մի՞թե հանրահայտ ճշմարտություն չէ, որ ազգային խնդիրները միշտ էլ առաջնային են քան ուզածդ ժողովրդավարություն եւ փուչ, միայն խոսքով ասված բարեփոխում: Օրինակի համար` փորձեք, աշխարհի որ ծայրում ուզում է լինի` դիպչել ԱՄՆ ազգային ամենափոքր շահին: Վստահեցնում եմ` նա ձեզ ցույց կտա, թե ինչպես ժողովրդավարանալ: Եվ հիմա, երբ Արևմուտքն իր շահն է հետապնդում Հայաստանում Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան իմիտացիոն երկխոսության քողի տակ, «եղիազարները» դարձյալ սկսել են սպասարկել Արևմուտքի «ժողովրդավարացնող» գործընթացները եւ իրենց կարճ խելքով փորձում են ազգային ուժերին լուսանցք քշել, որպեսզի վերջիններս չկարողանան հակազդել հերթական գործարքին:
Բայց անհրաժեշտ է, որ բոլոր հին ու նոր «եղիազարները» լավ իմանան` եթե հայ ժողովուրդը կարողացավ իր սեփական նախաձեռնությամբ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի օրհնությամբ թուրքիաներն ընկած Սերժ Սարգսյանին տուն բերել 2010 թվականին, ապա հիմա, երբ այդ նույն մարդիկ, տխուր արկածների սառեցված հետևանքները գրպաններում, վախ, վախ, վախ երկխոսում են, կկարողանա ընդհանրապես լուրջ դաս տալ նրանց: Եվ դեռ մեծ հարց է` այդ դասը նրանց համար կավարտվի խորհրդարանական տեղերի կորստո՞վ, ինչը շատ է կարևորում «Եղիազարը», թե՞…
Լևոնի համար, օրինակ, դա ուրիշ բանով ավարտվեց:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ