կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 21:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա մենք մտածում ենք ինքնակազմակերպման նոր աստիճանի և նոր հաղթանակների հասնելու մասին․ Արցախի նախագահի խորհրդական

«Երբ 1989 թ-ին ադրբեջանցիները Շուշիում էին և ադրբեջանական ալիքները ցույց տվեցին մի պատկեր, որ Շուշիում ապրող ադրբեջանցիները գնացել էին ինչ-որ քարի մոտ և ձեռքերը բարձրացրած ասում էին՝ «մահ հայերին, գնում ենք Ղարաբաղը ազատագրենք», շատերը շոկի մեջ ընկան, վախեցան։ Մի շարք կանայք հավաքվեցին մեր տանը, զանգեցին քրոջս՝ ի՞նչ ենք անելու, քույրս ծիծաղելով ասաց՝ ի՞նչ եք վախենում, Արմենն էլ կգնա իր պապի գերեզմանը կհամբուրի, կասի՝ «մահ ադրբեջանցիներին» ու կգնաք՝ կհաղթեք։ Ու ամբողջ այդ լարումը միանգամից վերածվեց ծիծաղի»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս պատմությունը պատմեց Արցախի Հանրապետության նախագահի ԿԳՄՍ հարցերով խորհրդական, ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն, իբրև թե, ադրբեջանական հողեր են։

Հայաստանն էլ, նրա խոսքով, պետք է ասի, որ Ադրբեջանի տարածքը՝ Փայտակարանը, Հայաստանի հնագույն նահանգն է։

«Գիտեք, թշնամին ասում է այն, ինչ ինքը ուզում է․ արդյո՞ք մենք ասում ենք այն, ինչ մեր ազգը ուզում է։ Բա թշնամին ասելու է, բա ի՞նչ է անելու, մենք էլ ասում ենք, որ Արևմտյան Հայաստանը մերն է, ասում ենք, որ Փայտակարանը եղել է Հայաստան, որ ազատագրված Արցախի 12 հազար քառ կմ-ը պատմական հայկական տարածքներ են․․․ միայն բառե՞ր ասացինք, թե գործ արեցինք, կապեր ստեղծեցինք Սյունիքի և մյուս շրջանների հետ։ Ամեն մեկը պետք է գիտակցի իր սխալները և շարժվի առաջ։ 70 տարի մենք լսել ենք Ադրբեջանի այդ հռետորաբանությունը, գիտենք ՝ ինչն է, որ օդում են ասում, ինչն է, որ իրական անելու են, և ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան ուզում, որ այդ ճանապարհին չլինի Հայաստանը։ Ազգի ոգին պետք է բարձրացնենք, ամեն մի հայ պետք է զգա, որ ինքը հերոս է, ամեն հայ պետք է փորձի հերոս դառնալ»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ ինքնաարժևորման ամենամեծ ձևն այն է, որ ամեն մի հայ փորձի ինքն իրեն դնի մեր նահատակ ընկերների կողքին, տեսնի՝ կողքին տեղ կլինի՞, որ ինքը տեղավորվի, թե՞ հազարավոր կիլոմետրերով հեռու է իրենից։ Այսօր քաղաքական մթություն է Հայաստանում․ եթե ամեն մեկը փորձի ինքը աստղ դառնալ, այնքան կլուսավորվի Հայաստանը, ոչ թե անընդհատ փորձի ապացուցել, որ ամեն ինչ իրենից դուրս է։

«Դրա համար ղարաբաղցիները շատ հանգիստ են տանում այդ հայտարարությունները,  և հիմա մենք մտածում ենք ինքնակազմակերպման նոր աստիճանի և նոր հաղթանակների հասնելու մասին։ Պատերազմից հետո, իրոք, շատ անակնկալի եկանք, մոտ 3 տասնամյակ հաղթանակ կերտած ժողովուրդը պարտություն կրեց 44 օրում։ Այս ժողովրդի վիճակը ո՞նց պիտի լինի՝ միանգամից կոտրված, ընդ որում, հերոս ժողովրդի, մարտնչող ժողովրդի։ Արցախում մեր 150 հազար բնակչության 0,55 տոկոսը զոհվել է, Մարտունի քաղաաքի բնակչության 1 տոկոսը զոհվել է, հիմա ասեք՝ այս ժողովրդի վիճակը ո՞նց պիտի լինի։ Բայց մենք այնքան ամուր ենք․ ամբողջ 70 տարի կարողանաս մնալ Ադրբեջանի կազմում ու պահպանել քո ոգին։ Մենք գիտենք, թե ինչ է լինելու վերջում և արդեն փոխվել ենք»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա 4 դեպք պատմեց, որ վերածվել է հաղթանակի․ պատերազմից հետո Կարմիր շուկայի ճանապարհով, երբ շարասյունը անցնում էր, թուրքը վիրավորեց մեքենայի մեջ գտնվող հային, նա էլ ամբողջ շարասյունը կանգնեցրեց, ու պահանջ դրեց, և թուրք հրամանատարը ներողություն խնդրեց, ասաց Արմեն Սարգսյանը, հաղթանակ չէ՞, որ Աղավնոյում փորձեցին ժողովրդին հանել, ժողովուրդը կանգնեց ու առայսօր ապրում է, հաղթանակ չէ՞, որ Նժդեհի արձանն էին ուզում հանել, ժողովուրդը ելավ և չհանեցին։ Նա հարց ուղղեց՝ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ հաշվարկել մեր ստարատեգիական դիրքը, մեր ուժը գեոպոլիտիկական այս խաղերում, մեծ տերություններին ինչքանո՞վ ենք պետք, և ճիշտ անենք մեր քայլերը։

Դրա համար, ասաց Արմեն Սարգսյանը, մենք ունենք մեր մարտահրավերների ճշտման խնդիր, և դրա ամենապարզ հիմքն է, որ ժողովուրդը միասնական դառնա։

«Այսօր տեսնում եք՝ ինչ մեծ շինարարություն է կատարվում Արցախում․ այս ամենը չենք կարող հզորություն անվանել, եթե քաղաքական հարցը չլուծվի, բայց այս ամենը պետք է լինի,որ քաղաքական հարցը լուծվի։ Արցախցին ոչ թե կոտրվում է, այլ մտածում է՝ ինչ ճանապարհ գտնի, որ հաղթի։ Երեխային եթե նույնիսկ տնից դուրս էլ գցեն՝ նորից երազելու է ծնողի մոտ գա․ սա Արցախն է երեխան, և Արցախը եղել է Մայր Հայաստանի միջնաբերդը արևելյան կողմում, և պարզ տեսնում ենք, թե հիմա ինչ է կատարվում, ուրեմն պետք է սթափվել, միացնել ուժերը և հասնել հաջողությունների։ Ի՞նչ է եղել, աշխարհի բոլոր երկրները և՛ հաղթանակ են տանում, և՛ պարտություն են կրում»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Նա վստահեցրեց, որ Արցախում արդեն ժողովուրդը դուրս է եկել շոկից և արդեն սկսել է ապագայի համար աշխատանքը՝ տներ է կառուցում, եթե ապագայի հանդեպ հավատ չլինի, տուն չեն կառուցի։

«Մենք երբեմն տեսնում ենք, որ հայ ժողովուրդը շատ մեծ նշանակություն է տալիս անհատ ղեկավարին՝ անձին։ Արցախում չգրված մի այսպիսի օրենք կա․ արյունով ներծծվված հողը չի կարելի ստորադասել ցանկացած անձի։ Անձը պետք է ենթարկվի դրան»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա պատմեց, որ ինքը 17 տարեկանում է առաջին անգամ Հայաստան եկել՝ սովորելու․ 70 կմ-ի փոխարեն 400 կմ անցնելով՝ Գանձակով, և երբ մտել է Հայաստան, մեքենան կանգնեցրել է, և երբ ոստիկանը մոտեցել է և գրական հայերենով խոսել՝ մարմինը դողացել է․ «Դուք հասկանո՞ւմ եք ինչ է դա նշանակում»։

«Հասկանո՞ւմ եք Արցախի 75 տարվա այդ ապրումները, այդ հզոր Արցախի, որ 1928 թ-ին բարձրացրել է ապստամբություն, որ Շուշիում 5 թնդանոթ են գտել ստալինյան ռեժիմի տարիներին, մենք հայ ժողվորդի զավակը չե՞նք, Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժման մեջ ինչքան արցախցիներ են եղել, որովհետև Արևմտյան Հայաստանը Հայաստան է, Արցախը Հայաստան է, ինչքան Հայաստանի Հանրապետության տղաներ են զոհվել Արցախի ազատագրման համար, ինչո՞ւ, որովհետև Արցախը Հայաստան է, և մենք փորձում ենք ինքներս սեպ խրել, ժողովո՛ւրդ, այս ի՞նչ ենք անում մենք»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ այսօր հերոսներ պետք է գտնենք․ ազգային տագնապը ազգային ուժերով հաղթահարելու ժամանակն է։

«Եթե Արցախը փորձի ինքնուրույն քաղաքականույուն վարել՝ չենք կարող, ինչի՞ կհասնենք, մեր արյան մեջ է եղել Մայր Հայաստանին ձուլվելը։ Այս հաղթանակը, այս հերոսների արյունը այսքան հեշտ կարո՞ղ ենք տալ․ եկեք հավաքվենք, քննարկենք ու ընտրենք ռազմավարություն»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ պատերազմը պետք է դիտենք որպես մարտավարական մի ձև, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակը Հայաստան երկրի չլինելն է․ այդպես փորձեցին 20-րդ դարասկզբին, և հիմա, և միշտ։

«Շուշիի կրակոցները, և Երասխի կրակոցները․․․ Արցախյան պատերազմի ժամանակ դա միշտ եղել է, և բնական է, ցանկացած պահի, որ խրամատ են փորում ու կանգնում, նաև քաղաքական խրամատ, ապա նորից մտածում են առաջ գնալու մասին»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը Ադրբեջանը հաղթել է և առաջադրում է իր պահանջները, թեև Ադրբեջանը չի հաղթել, այլ եղել է Թուրքիան և նաև մեր անկազմակերպվածությունը, բայց մենք նույնը արեցի՞նք 1994 թ-ին, իհարկե ոչ, մենք նույնը արեցի՞նք դրանից հետո, իհարկե ոչ։

«Եթե դու ուզում ես հաղթել թշնամուդ, նախ մինչև պատերազմի սկսվելը պետք է ուղեղիդ մեջ հաղթես, երբ դու մինչև պատերազմը այլ ճանապարհով ես գնում, իսկ թշնամիդ՝ այլ, և գիտի քո թույլ տեղերը, ապա բնական է՝ պարտություն ես կրելու։ Այսօր էսկալացիաները լինելու են, կրակոցները լինելու են, ցանկացած պահի՝ երբ թուլանաս, առաջ են շարժվելու։ Այսօր Ադրբեջանը, որ հսկա գումարներ է դնում պաշտպանության վրա, նորից ավելացրել է գումարները, իսկ մենք բանակը դարձնում ենք մեկ ու կես տարի»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Այս նույն ժամանակաշրջանում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միասին զորավարժություններ են կատարում, իսկ մենք փորձում ենք սպիտակ դրոշով ներկայանալ իրենց․ «Սրանք լուրջ պայմաններ են, որ մենք պետք է մեր արտաքին քաղաքականության մեջ բեկում մտցնենք, որովհետև իրականում այսօր ազգային տագնապ է հայ ժողովրդի համար։ Եվ մենք իրավունք չունենք այդ տագնապը մեզ վրա չվերցնել, և ամեն մեկս ամեն ինչ չանել՝ դա հաղթահարելու համար»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Երանի մենք կարողանանք միավորման ավելի բարձր մակարդակի դրսևորում ցույց տալ, ասաց նա, և ինչո՞ւ չէ՝ ինքն անկեղծ երազում է, որ մենք հայկական բարոյականությանը հատուկ պետություն ունենանք, որ նույնիսկ փորձեն նմանվել մեզ, որ ունենանք Նախիջևանի հայկական պետություն, Ախալքալաքի հայկական պետություն, Արևմտյան Հայաստանի հայկական պետություն, Ղարաբաղի հայկական պետություն, հետո այդ բոլոր պետությունների ղեկավարները հավաքվեն Շուշիում և ազդարարեն անկախ, ազատ և միացյալ Հայաստանի ստեղծումը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․