Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ն իր ազատազրկված ակտիվիստների հարցը լուծելու համար Սերժ Սարգսյանից ոչ թե համաներում էր սպասում, այլ ներման շնորհում: Տեր-Պետրոսյանն այդ մասին շատ հստակ ասաց ապրիլի 8-ին կազմակերպված ՀԱԿ հանրահավաքում:
«Երբ որեւէ երկրում բանտարկյալների հարցը ստանում է հասարակական հնչեղություն կամ հանգեցնում ճգնաժամային իրադրության, ապա այն, անկախ իրավական հանգամանքներից ու գնահատականներից, վերածվում է քաղաքական հարցի ու պահանջում քաղաքական լուծում: Դրա համար Սահմանադրությամբ նախագահին տրված է ներման իրավասություն, որը բացարձակ իրավունք է, այսինքն՝ ոչ մի օրենքով չի կարգավորվում եւ ոչ մի օրենքով չի սահմանափակվում: Ելնելով քաղաքական կամ հումանիտար նպատակահարմարությունից՝ նախագահը, երբ եւ ում ուզի, կարող է ներում շնորհել՝ առանց դրան արժանացողի մասին սեփական կարծիքը փոխելու կամ իր որոշումը հիմնավորելու եւ որեւէ բացատրություն տալու»:
Եվ չնայած դրան` մայիսի 20-ին Սերժ Սարգսյանը դիմեց Ազգային ժողովին` Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Սա ոչ թե Կոնգրեսի ցանկություններին ընդառաջելու, այլ վերջինիս հիանալի նվեր մատուցելու ակցիա էր: Այն փաստը, որ թե' ազատազրկված ընդդիմադիր գործիչների ազատ արձակման հարցը լուծելու թափանցիկ ակնարկները, թե' համաներում անցկացնելու առաջարկը Սերժ Սարգսյանն անում է Կոնգրեսի հանրահավաքների ճիշտ նախօրեին, հստակ ցույց է տալիս, որ այս քայլն արվում է հենց ՀԱԿ-ի պահանջների շրջանակներում, և որ Հանրապետության 20-ամյակի վկայակոչումը, որն, ի դեպ, նշվելու է սեպտեմբերի 21-ին, այստեղ ընդամենը ծխածածկույթի դեր է կատարում:
Եթե այս քայլն իսկապես այդ տոնով պայմանավորված լիներ, համաներման նախաձեռնությունն էլ առնվազն սեպտեմբերի 21-ին նախորդող օրերին պետք է արվեր, այլ ոչ թե դրանից 4 ամիս առաջ: Նախագահը, ըստ էության, շատ ավելի «մարդասեր» է գտնվում ՀԱԿ ազատազրկվածների հանդեպ, քան նույնիսկ Կոնգրեսի առաջնորդը: Վերջինս առաջարկը` օգտվել Սահմանադրությամբ նախագահի բացառիկ իրավասությանը վերապահված` ներում շնորհելու իրավունքից, այլ բան չէր, քան այդ մարդկանց մեղավորությունն ընդունելու և հաստատելու դրսևորում:
Խնդիրն այն է, որ ներում շնորհել կարելի է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներում կարող է հայցել յուրաքանչյուր դատապարտյալ, և նախագահը ներում կարող է շնորհվել յուրաքանչյուր դատապարտյալի՝ անկախ կատարած հանցագործության ծանրությունից, բնույթից, և այլ հանգամանքներից:
Հետաքրքրականն այն է, որ 2008-09 թթ. նախագահը հայտարարում էր, թե ներման կարժանանան բոլոր նրանք, ովքեր այդ հարցով կդիմեն իրեն: Մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված բազմաթիվ անձնաց ներում շնորհվեց հենց նրանց կողմից ներկայացված խնդրագրերի հիման վրա: Իհարկե, ազատազրկման մեջ գտնվող մնացած անձինք խնդրագրեր չներկայացրին, բայց նրանց փոխարեն դա արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թեև դա իրավական հիմք կարող էր լինել նախագահի համար, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվեց այդ ճանապարհից, որով ինքն էր ընդամենը 2 տարի առաջ առաջարկում գնալ:
Մինչդեռ ի տարբերություն ներման` պարտադիր չէ, որ համաներման «տակ ընկած» մարդու մեղքը հաստատված լինի: Այն իրականացվում է ոչ թե կոնկրետ անձանց նկատմամբ, այլ կոնկրետ հանցագործությունների, քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածների, որոնք նոր միայն կարող են այս կամ այն չափով, այս կամ այն կերպ առնչվել մարդկանց: Համաներումը վերաբերում է քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատմանը կամ պատժի չկրած մասի կրճատմանը: Այսինքն` ներման դեպքում գործ ունենք իրենց կամ խնդրագիր ներկայացրած երրորդ անձի կողմից տվյալ հանցանքը կատարած լինելու և այն ընդունելու հանգամանքի հետ, իսկ համաներման դեպքում` ընդամենը կոնկրետ հոդվածով ազատազրկման դատապարտված լինելու՝ անկախ նրանից՝ տվյալ անձն իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ:
Որակական այս տարբերությունը շատ էական է. մի կողմից այն ՀԱԿ-ին մշտապես հնարավորություն է տալիս շահարկել այդ գործով կայացված դատավճիռների օրինականության հարցը: Երկրորդ` այդպիսով Սերժ Սարգսյանն ինչ-որ չափով ներկայիս՝ 2008-ի համաժողովրդական շարժման «իրավահաջորդը» հանդիսացող ՀԱԿ-ին ազատում է մարտի մեկի համար իր բաժին պատասխանատվությունից և շատ ավելի «մաքուր ձեռքերով» քաղաքական գործընթացների մեջ մտնելու լայն դաշտ է ապահովում: Դրանով նախագահը ոչ թե երկխոսությունը շարունակելու, այլ մաքուր էջից համագործակցելու պատրաստակամություն է հայտնում, որն այնքան ակնհայտ է ու թափանցիկ, որ անգամ ՀՀԿ-ի դաշնակից ԲՀԿ-ի համար էր շոկային և անհանգստացնող:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ