կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-24 06:05
Հասարակություն

Հաղթանակ աղքատության դեմ

Հաղթանակ աղքատության դեմ

Ավելի քան 20 տարի տնակներում ապրած ևս 15 ընտանիք Վանաձորի Տարոն 3 թաղամասում բնակարան ստացավ:

«Առդա» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող ծրագրով անցյալ տարի բնակարանամուտ տոնեց աղետի հետևանքով անօթևան մնացած 33 ընտանիք:

Ինչպես անցյալ տարի, այս անգամ է եւս բնակարանամուտը մայիսին են տոնում: Ծրագիրը նախաձեռնողներն ասում են` սա էլ յուրահատուկ հաղթանակ է աղքատության ու տնազրկության դեմ: Նրանք խոստանում են, որ, մասնավորապես, Վանաձորում 48 տուն են շահագործման հանձնելու:

Գուգարաց թեմի քահանաները տնօրհնեքի կարգ են կատարել, բնակարանամուտ տոնած վանաձորցիներին շնորհավորել են մարզային, քաղաքային իշխանությունները: Տոնախմբությանը միացել են նաև 2009-ի ծրագրով տների կառուցմանը մասնակից ամերիկացի կամավորները` իրենց ղեկավար, ազգությամբ հայ Սինտիա Էրիքսոնի գլխավորությամբ:

Բնակարան ստացածները, բնականաբար, գոհ են, թեեւ կոմունալ բոլոր հարմարությունները ստեղծելու ծախսերն իրենք են հոգալու, ինչը հեշտ չէ սոցիալապես անապահով այս ընտանիքների համար:

Վանաձորում դեռ հարյուրավոր ընտանիքներ կան, որ ապրում են անմարդկային պայմաններում, տնակների շահագործման ժամկետը վաղուց է անցել, իսկ կառավարությունն  այս մարդկանց օգնելու ծրագրեր չունի: