կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 20:45
Աշխարհ

Կոռուպցիայի դեմ պայքարը աղքատության վերացման հիմնական գործիքներից մեկն է

Կոռուպցիայի դեմ պայքարը աղքատության վերացման հիմնական գործիքներից մեկն է

Մարտի 31-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի հերթական հանդիպումները ՀՅԴ ներկայացուցիչները մարտի 9-ին շարունակել են Մարտակերտի շրջանի Չլդրան, Խնկավան, Վաղուհաս, Զարդախաչ, Զագլիկ, Հաթերք և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքներում:

Նախքան հանդիպումների մեկնարկը, Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը պատգամավորության թեկնածուների հետ ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին:

Կայացած հանդիպումների ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները խոսել են նախընտրական ծրագրի հիմնադրույթների մասին, պատասխանել հնչած հարցերին:

Տվյալ համայնքներում բնակիչներին հետաքրքրում էին կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի, պետականամետ արժեհամակարգով երիտասարդների դաստիարակության, ներկա քաղաքական իրավիճակի և այլ խնդիրների մասին ՀՅԴ տեսակետները:

ՀՅԴ ներկայացուցիչներն նշել են, որ կոռուպցիայի և հովանավորչության դեմ համապարփակ պայքարի կազմակերպումը ՀՅԴ կողմից մշտապես դիտարկվել է որպես իրական ժողովրդավարության, երկրի կայուն զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, սոցիալական արդարության և համերաշխության, օրենքի գերակայության հաստատման հիմնական գրավականներից մեկը:

Անցած տարիների ընթացում բավական աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումները վերացնելու ուղղությամբ, այս առումով զգալի առաջընթաց է գրանցվել, բայց վերացնել չի հաջողվել:

Կոռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչությունը խանգարում են բարիքների, հանրային հարստության արդարացի բաշխմանը: Աղքատության վերացման հիմնական գործիքներից մեկը  կոռուպցիայի դեմ պայքարն է: Կոռուպցիան սպառնում է ոչ միայն տնտեսական բարեփոխումներին, ներդրումների իրականացմանը, այլև քաղաքացիական հասարակության կայացմանը և երկրի ներքին կայունությանը: Այն սոցիալական, քաղաքական, տնտեսական, իրավական, բարոյական հիմնախնդիր է:

Եվ ՀՅԴ-ն առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման համալիր միջոցառումների իրականացում հետևյալ ուղղություններով`

-կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի ընդունում գիտական, տնտեսական, հասարակական ու քաղաքական հիմնավորումներով,

-պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց իրավունքների, օրինական շահերի պաշտպանության և արժանավայել կենսամակարդակի ապահովում,

-պետական ծառայողների համակարգում բարոյական և կարգապահական նորմերի  ամրագրում,

-հասարակական վերահսկողության համար գործուն պայմանների և մեխանիզմների ապահովում,

— քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մեխանիզմների կատարելագործում,

-օրենքներով ամրագրվող սահմանափակումների և պատասխանատվության մեծացման կիրառմամբ բիզնեսի և քաղաքականության տարանջատման իրավակարգավորումների հետևողական զարգացում,

-ընդդիմության և քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին:

Քարոզարշավի 13-րդ օրը եզրափակվել է համերգային ծրագրով. հաթերքցիների համար ելույթ են ունեցել «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը և սիրված երգիչ Մկրտիչ Մկրտչյանը: