Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի»` արդեն 10 տարի ձգվող գործի վերաբերյալ որոշումը, որով մերժեց դատարանի ստորին պալատի կայացրած որոշումը բեկանելու` Շվեյցարիայի ներկայացրած հայցը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դատարանը 2005թ. մի աշխատաժողովի ժամանակ Փերինչեքի` Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» բնորոշող հայտարարությունը որակել էր ռասսայական խտրականության և ազգայնականության դրսևորում, իսկ Հայոց ցեղասպանությունը` ապացուցված պատմական փաստ: Գտնելով, որ թուրք գործիչը խախտել է Ցեղասպանության ժխտումը, հրեական Հոլոքոստի օրինակով, քրեական հանցագործություն համարող իր օրենսդրությունը, նրան դատապարտել էր պայմանական ազատազրկման և պարտավորեցրել տուգանք վճարել:
2013թ. Փերինչեքն այս վճիռները բողոքարկել էր ՄԻԵԴ-ում, որը դեկտեմբերին բավարարել էր նրա հայցը` համարելով, որ շվեյցարական դատարանը խախտել է նրա` ազատ արտահայտվելու իրավունքը: 2014թ. ՄԻԵԴ ստորին պալատի այս որոշումն ավելի բարձր ատյանում վիճարկեց Շվեյցարիան, և այդ գործում, որպես երրորդ կողմ, ներգրավվեցին Հայաստանն ու Թուրքիան:
Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին ՄԻԵԴ-ի այս որոշումը համարել են հաղթանակ: Հիմնական փաստարկն այն է, որ գործում Հայաստանի ներգրավման հիմնական պատճառը եղել է ՄԻԵԴ ստորին պալատի` 2013թ. կայացրած որոշման մեջ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող պնդումները հանելուն հասնելը, ինչը դատարանը կատարել է: Ըստ փաստաբանների`դատարանը նաև ճանաչել է իրենց և իրենց նախնիների արժանապատվության հարգումը պահանջելու` հայերի իրավունքը:
Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի` Գևորգ Կոստանյանի գրասենյակը:
Այսպիսով` թեև Շվեյցարիան փաստացի պարտվել է ՄԻԵԴ-ում, իսկ թուրք գործիչը փաստացի վաստակել է Ցեղասպանությունը հետայսու ևս ազատորեն «սուտ» որակելու իրավունքը, հայկական կողմը համարում է, որ ինքը հաղթանակ է տարել:
Նախ` պետք է արձանագրել, որ Հայաստանն այս գործում ներգրավվել է անհրաժեշտաբար, ոչ թե նախաձեռնողի, այլ, ըստ էության, պաշտպանվողի կարգավիճակով: Փերինչեքի հայցի բավարարման հիմքում ՄԻԵԴ-ը դրել էր Ցեղասպանության փաստը առնվազն վիճելի նյութ համարելու մոտեցումը` փորձելով այդ կերպ տարբերակել հրեական Հոլոքոստից և հիմնազրկել դրա ժխտումը քրեականացնելու` հայության նախաձեռնությունները: Եթե Փերինչեքը հաղթեր այս հիմնավորումներով, ստեղծվելու էր վտանգավոր մի նախադեպ, երբ ցանկացածը կարող էր իրեն Ցեղասպանությունը ժխտող, նույնիսկ վիրավորող հայտարարություններ թույլ տալ` հղում անելով Ցեղասպանության փաստը ժխտելու կամ առնվազն կասկածի տակ առնելու` Եվրոպական դատարանի դիրքորոշումը: Մեծ էր վտանգը, որ նման որոշումը Թուրքիայի կառավարության կողմից վերածվեր ընդհուպ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու լրջագույն իրավական գործիքի: Այս մասով հայկական կողմն իսկապես հասել է հաջողության:
Բայց սա չի նշանակում, թե դա լիարժեք հաղթանակ է: Հայկական կողմը կանգնել է մի իրողության առջև, երբ կարող է տանուլ տալ Հայոց ցեղասպանության ժխտումը միջազգայնորեն քրեականացնելու պրոցեսը: Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին` պառլամենտի ընդունած օրենքն այդ երկրի Սահմանադրական խորհուրդը 2012թ. անվավեր ճանաչեց հենց այն հիմնավորմամբ, որ քրեականացումը սահմանափակում է ազատ արտահայտման իրավունքը, և Ցեղասպանությունն, այս իմաստով, համադրելի չէ հրեական Հոլոքոստին: Հիմա այս տեսակետն ամրապնդվում է ՄԻԵԴ-ի որոշմամբ, որը դառնալու է Ֆրասիայում, այլ երկրներում քրեականացմանը հասնելու նախաձեռնություններին դիմագրավելու ամենալուրջ իրավական փաստարկը:
Մյուս կողմից` թերևս բարոյապես ճիշտ չէ, եթե չասենք` երախտամոռություն է, ընդհանուր վճռի կոնտեքստից միայն Հայաստանին հետաքրքրող մասը կտրելը և այդ մասով հաղթանակ արձանագրելն այն դեպքում, երբ Շվեյցարիան, որն իր օրենսդրությունը պաշտպանելուն զուգահեռ, այսպես, թե այնպես, ստանձնել էր նաև Հայ Դատը պաշտպանելու գործառույթը, պարտություն է կրում: Բացարձակապես հասկանալի չէ հատկապես ցնծագին տոնայնությամբ հաղորդագրություն տարածելու` ՀՀ գլխավոր դատախազության մղումը: Եթե սա ակնառու հաղթանակ էր, ապա առնվազն տարօրինակ է, որ գոնե ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես չի գալիս: Չէ՞ որ, երբ Շվեյցարիան որոշեց 2014թ. մարտին վիճարկել Փերինչեքին արդարացնող` ՄԻԵԴ ստորին պալատի որոշումը, ոչ միայն ԱԳՆ-ն շտապեց ողջունել այդ քայլը, այլ նաև Հայաստանի նախագահը: Ակնհայտ է, որ սա միանշանակ հաղթանակ հռչակելիս հայաստանյան պատվիրակության անդամները, մեղմ ասած, չափն անցել են:
Երրորդ` Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող ձևակերպումները ՄԻԵԴ նախորդ վճռից հանվել են ոչ թե Ցեղասպանության իրողության հարցում դատարանի միանշանակ համոզվածության պատճառով, այլ` դատավորների միջև տարաձայնությունների: Նրանցից տասը նշել է, որ քննության առարկան Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքն է, այլ ոչ թե Ցեղասպանության փաստի վիճարկումը: Մինչդեռ` դատավորներից միայն 7-ն են Ցեղասպանությունը հստակ պատմական փաստ համարել:
Սա առավել քան հասկանալի է դարձնում, որ չի կարելի երբեք հույս ունենալ, թե Ցեղասպանության ճանաչմանը հնարավոր է հասնել միջազգային դատարանների միջոցով: Նրանց կողմից կայացվող որոշումները ոչ այնքան իրավական, որքան քաղաքական նշանակություն ունեն: Այս դեպքում էլ ՄԻԵԴ-ը դիմել է, այսպես կոչված, «և\' մեխին, և\' նալին» մեթոդին. մի կողմից` խոսքի ազատության սկզբունքի հիման վրա ճանաչում է Ցեղասպանության փաստը վիճարկելու` Փերինչեքի, հետևաբար` ցանկացած անձի իրավունքը, մյուս կողմից` ճանաչում է «<իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանք պահանջելու»` հայերի իրավունքը: Սա հավերժ դատական վեճերի տեղիք տվող մոտեցում է: Որովհետև Ցեղասպանությունը բացահայտորեն ժխտողներն իրենց հերթին են պաշտպանվելու համար հղում կատարելու Փերինչեքի գործով այս որոշմանը և այն նախադեպային համարելու, հայությունը` իր հերթին: Այնպես ո`ր չի բացառվում, որ սա ոչ թե պրոցեսի վերջն է, այլ խառնաշփոթ ստեղծող մի նոր գործընթացի սկիզբ:
Գևորգ Դարբինյան