կարևոր
3667 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-22 11:18
Քաղաքական

«Արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից». երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը. «Փաստ»

«Արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից». երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը. «Փաստ»

Այս տարի Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է: Այդ փաստացի արդյունքով Հայաստանը տնտեսական դրական արձանագրումներ է ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով տնտեսության դինամիկային, ներկա ռիսկերին ու հնարավորություններին:

«Մասնավորապես, էապես աճել է պահանջարկը՝ պայմանավորված դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների այցելությունների աննախադեպ աճով, ինչպես նաև արտարժույթի ներհոսքով: Էական դեր ունեն նաև առանձին ոլորտները: Օրինակ՝ ՏՏ ոլորտի որոշ ձեռնարկություններ տնտեսական սահմանափակումներից, պատժամիջոցներից խուսափելու համար իրենց գործունեությունը ժամանակավորապես Հայաստանում են ծավալել: Այսօրվա կառավարությունը այս պատահական և արտաքին գործոնի հետ որևէ աղերս չունի: Ընդհակառակը՝ այս իրավիճակից օգտվելու իրական հնարավորություն կար, որը չարեցին: Օրինակ՝ կարող էին օգտվել այս իրավիճակից, ըստ որի՝ որոշակի դրամական հոսքեր կապիտալացվեին ներդրումների ձևով, ինչը չեղավ: Եվ ինչպես այդ, պատկերավոր ասած, տաք փողերը պատահական գործոնի ազդեցությամբ եկել են Հայաստան և արդյունքներ ապահովել, այդ կերպ էլ, երբ նշված պատահական գործոնը վերանա, հակառակն է տեղի ունենալու. մենք տնտեսական առումով նոր էական դժվարություններ և ռիսկեր կունենանք»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Նա հիշեցրեց՝ 2021 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չկար: «Մինչդեռ այսօրվա դրությամբ տարածաշրջանի վեց երկրից, այդ թվում՝ հարևան պետություններից միայն Հայաստանն է, որ 2021-ի անկումը չի վերականգնել: 2021 թ.-ին 5 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական աճ ենք ունեցել՝ 2020-ի 7,5 տոկոս անկման դիմաց: Իսկ ի՞նչ են ասում օրվա իշխանությունները. ասում են այն, ինչը բխում է իրենց էությունից ու բնույթից: Մեծ հաշվով՝ մանիպուլացնում են: Վերոնշյալ՝ իրենցից անկախ հանգամանքը փորձում են որդեգրել, իրենց վերագրել: Մինչդեռ իրենց այն ձախողումների համար, որոնք արտահայտվում են նաև աճող աղքատության, մարդկանց իրական եկամուտների նվազման ձևով, փորձում են ինչ-որ մեղավորներ, սին պատճառներ գտնել:Լավ, եթե այդքան լավ է մեր տնտեսության աճը, և իրենք դա որպես տնտեսության իրական աճ են համարում, կարծում են, որ այն նաև կայուն բնույթ ունի, այս բարձր գնաճի ֆոնին ինչո՞ւ գոնե գնաճի չափով չբարձրացրին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը, սոցիալական նպաստները: Ակնհայտ է, որ իրենք ևս լավ գիտեն, որ այս ցուցանիշը պատահական ազդեցության արդյունք է, և որքան կարողանում են, պոպուլիզմի ամբողջ գործիքակազմով այն իրենց են վերագրում: Նշվածը բացառապես իրենց նեղ քաղաքական շահից բխող հերթական դրսևորումն է, չունի իրական հիմք: Բնական է նաև, որ այդ աճը չի կարող կայուն բնույթ ունենալ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերին, նշվածից բխող ռիսկերին ու հնարավորություններին՝ Թ. Ավետիսյանը նկատեց. «Սա բերելու է լրացուցիչ գնաճի, որովհետև պահանջարկը կավելանա: Մեր երկրում արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից: Արդեն լրանում է երրորդ տարին, ինչ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել թիրախավորված 4+-1 % գնաճը: Մենք արդեն երկնիշին մոտ միջին գնաճ ունենք: Իսկ ամենավտանգավոր ու սոցիալական հետևանքներով հղի հանգամանքը նվազագույն սպառողական զամբյուղի՝ առաջի անհրաժեշտության ապրանքների գնաճն է, որը միայն այս տարվա տասը ամիսներին 15 տոկոս և ավելի աճ է գրանցել: Նախորդ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղը շուրջ 83 հազար դրամ է: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ մենք մինչև 85 հազար դրամ նվազագույն սպառողական զամբյուղ կունենանք: Հաջորդ տարին նույնպես գնաճային բարձր ճնշումներով է լինելու, ինչն արդեն ակնհայտ է: Այս պայմաններում իրենք մյուս տարվա հունվարի 1-ից առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: Ակնհայտ է, որ անգամ մեկնարկի պահից՝ 2023-ի հունվարի 1-ից բարձրացված նվազագույն աշխատավարձն էապես ցածր է լինելու մեկ անձի՝ այդ պահին առկա նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից»:

Պատգամավորի խոսքով, առկա իրականությունից բխող այլ մարտահրավերներ ևս կան. «Այսօր կան անվտանգային և աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք գնալով խորանում են: Եվ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում նվազագույն անվտանգային երաշխիքներ ապահովել: Մինչդեռ մենք այդ ռիսկերի արտացոլումներն ու դրանց արձանագրումներն ամեն օր ենք տեսնում: Դրանք լինում են ռազմական գործողությունների տեսքով, նաև ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական կորուստների ձևով: Սրանք բոլորը հաշվելի ու չափելի են տնտեսական իմաստով: Վստահաբար դրանք էական հարված են հասցնում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ոչ թե կարճաժամկետ, այլ անգամ երկարաժամկետ իմաստով»:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում իշխանությունների կողմից տնտեսական յուրաքանչյուր խնդիր բացառապես համաշխարհային միտումներով պայմանավորելուն՝ Ավետիսյանը շեշտեց. «Դրանք պրիմիտիվ արդարացումներ են: Այո, օրինակ՝ գնաճ աշխարհի տարբեր երկրներում, նաև մեր տարածաշրջանում կա: Այն 2020-ից սկսած շարունակվել է նաև 2021, 2022 թվականներին ու գնալով ավելի է ահագնանում: Բայց այլ երկրներում կարևոր ցուցիչը հետևյալն է. պետական իշխանությունները բարձրացրել են սոցիալապես անապահովների վճարները՝ կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը: Այդ երկրների թվում նաև Ռուսաստանն է: Այդ վճարները բարձրացրել են առնվազն այն չափով, որը լիարժեք չեզոքացրել է գնաճային ճնշումները: Այսինքն, մարդիկ նախկինից ավելի վատ չեն ապրել այդ գնաճի պայմաններում, որովհետև պետությունների կառավարությունները սոցիալապես խոցելի խմբերի թիկունքին են կանգնել, հասկանալով՝ բարձրացումներ են արել»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց իրենց խմբակցության ավելի վաղ արած առաջարկի մասին. «Մենք առաջարկում էինք նման մոտեցում կիրառել և ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու նպաստները, ինչը, սակայն, այս իշխանությունները մերժեցին: Եվ ակնհայտ է, որ Հայաստանում նախորդ երկու տարիներին ահագնացող գնաճի այս բարձր ֆոնին մարդկանց իրական եկամուտները նվազում են, նույնիսկ միջին աշխատավարձն է նվազում: Պարզ արձանագրումն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ օր միջին ՀՀ քաղաքացին ավելի վատ է ապրել, քան նախորդ օրը: Նշվածի հետևանքով մեր երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը, շարունակաբար ավելանում է նաև թերսնվող մարդկանց թիվը: Մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է»:

Իսկ թե ի՞նչ քաղաքականություն է տեսնում նշվածը շտկելու ուղղությամբ, Թ. Ավտիսյանն արձագանքեց. «Անկարողություն: Իրենք ուղղակի տապալել են կառավարման համակարգը, կազմաքանդում են բոլոր համակարգերը: Ի վերջո, չեն կարողանում ապահովել այն, ինչ խոստացել են, և ամեն օր իրենց խոստումների և իրականության միջև խզումը խորանում է: Բացի այդ, ապաշնորհությունն ու անկարողությունը, ի վերջո, համակարգային բնույթ ունի, ինչի վկայությունն այն է, ինչ հիմա ունենք»: