Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս կիրակի, ժամը 15-ին, Սիրահարների այգու սրճարանում գրքի շնորհանդես է: Իրանում ծնված, վեց տարեկանից Հայաստանում մեծացած Նանոր Պետրոսյանի առաջին գիրքն է գինեձոնվելու` «Արտատպում» ժողովածուն, որում ամփոփել է վերջին չորս տարում իր վարած nanuk-manuk.livejournal բլոգի բանաստեղծությունների ընտրանին: Ձեւավորել է Նանորի ընկերը` Խաժակ Թովմասյանը, տպագրել է «Ալիք» տպարանը. «Մի շաբաթով գնացել էի Պարսկաստան, բայց ստիպված էի երեք շաբաթ մնալ, որոշեցի գիրքս այնտեղ տպել: Շնորհանդեսին վաճառված գրքերի հասույթի մի մասը հատկացնելու եմ «ՄաՄաՍյու» հիմնադրամին. մեր ընկերուհի Սյուի մայրիկը հիվանդ է, ուզում ենք օգնել»:
Գրում է թե ազատ, թե հանգավորված:
անհամբեր էի
համը փոխել
մրգի
պարզվեց
բերնիս համն էր
դառը ես էի
Առանց մեծատառերի ու կետադրական նշանների գրավորին հաճախ է դիմում. ոճական սկզբունք է.
կրակի մութ լույսի մեջ
անատամ սանրով
հերթով
սանրում ենք
նարեկացու ծուխ-մորուքը քարկապ ընկած
«Նոր սիրո մեջ ամենադժվարը նոր քթին հարմարվելն է» . Նանորի այս տողը գլխիցս դուրս չէր գալիս հարցազրույցի գնալուս ամբողջ ճանապարհին. շատ էր դուր եկել: Մասնագիտությամբ մնջախաղաց դերասան է, ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «Մհեր Մկրտչյան» թատրոնում, Ֆրանսիայում հաճախել թատերական ստուդիաներ: Սերժ-Մելիք Հովսեփյանի «Ագորա» թատերախմբիՙ հուլիսին հանձվելիք ներկայացման մեջ է խաղում: Ֆրանսուհի ջահել հեքիաթասաց Լորելին Քոնինգի հետ աշխարհի արարման լեգենդն են մշակել, ֆրանսերեն ու հայերեն պատմելու են հեքիաթի երեւանյան երեկոներին: Մշտական աշխատանք չունի: Սիրողական դերասանների խումբ ունի. տարբեր մասնագիտությունների տեր 20-40 տարեկան մարդիկ են: «Բնատաճար» խումբն է. արշավների են գնում, երգ, պար են սովորում, ուզում են թատրոնով էլ զբաղվել:
-Որքան հասկանում եմ, հասարակական կյանքում էլ իներտ չես:
- Վերջին ընտրություններից սկսած ուզում են համոզել, թե կռիվը երկուսի մեջ է` կամ սերժական պիտի լինես, կամ լեւոնական: Ու վերջերս գլխիս ոնց որ խնձոր է ընկել. ինձ թվում է, որ երրորդ ուժը ես ինքս եմ, ու իմ պահանջներով է, որ պետք է ձեւավորվի իշխանությունը: Թե չէ, Սովետի սերնդի մարդիկ բոլորը նույն ձեւով են անելու, ուրիշ բան չեն անելու:
- Քո կարծիքով, երրորդ ուժը Սովետում չմեծացածնե՞րն են:
- Չէ, ոչ թե Սովետի մեջ չմեծացած, այլ այսօրվա Հայաստանի երիտասարդ քաղաքացին է. կարող է մեր կողքի հարեւան կինն էլ լինի: Երրորդ ուժը մենք ենք, ովքեր ուզում են, որ վաղվա իրենց օրը լավը լինի: Ովքեր ուզում են մարդավայել ապրել, ովքեր ուզում են, որ քարշ չգան Հայաստանում, որ լրիվ քրեական այդ «Գագոների սիստեմը» դուրս գա ամեն ինչից:
- Ֆեյսբուքյան քաղաքակրթության ակտիվիստների՞ց ես:
- Չէի ասի` ակտիվ եմ: Ընդհանրապես մի քիչ խոզ եմ այդ առումով, մի քիչ սոցիոպատ մարդ եմ, սոցիալական ցանց գալը ինձ համար խնդիր էր, մի քիչ երեւի կոմպլեքսներ ունեմ հասարակության հետ, ինքս ինձ հետ ավելի հանգիստ եմ:
- Պատճառը նրանից է, որ այստե՞ղ չես ծնվել:
- Չէ: Թատրոնում դժվար կյանք եմ ունեցել, որովհետեւ այստեղ թատրոնում վիճակը շատ վատ է, լրիվ բյուրոկրատական... Չէ, այդ մթնոլորտը` այ, տակը փորեց, նորմալ է, ամեն տեղ կարող է լինել: Բայց ընդհանուր սիստեմը այնքան փտած է, այնքան հին է, այնքան նորարարություն չկա:
- Մտածում ես, որ ոչինչ փոխել հնարավոր չէ՞:
- Չգիտեմ, ուզում եմ, որ մի բան փոխվի: Երբ եկա այս սիրողական թատերախումբ, տեսա` կարգին մարդիկ են, մեկը մեկից առողջ մտածելակերպ ունեն, այնքան, որ իրենց թույլ են տալիս զբաղվել իրենց հոբբիով:
- Թատերական կրթությո՞ւնն է, ուրեմն, խանգարիչը:
- Թատերական ինստիտուտը, նախ, ոչ մի ինֆորմացիա չի տալիս ու փչացնում է: Բայց ինձ թվում է, որ ոչ մի տարբերություն չկա, պետությո՞ւն է, թատրո՞ն է, գրականությո՞ւն է. նույն այդ ճահճացած վիճակն է: Իմ թատերախմբում այդպես չի: Պատճառն, ինձ թվում է, էնտուզիազմն է, մեռած չլինելու ցանկությունը:
- Պրոֆեսիոնալ թատրոնում այդպես չէ՞:
- Պրոֆեսիոնալը ինստիտուտի նույն ճանապարհի շարունակությունն է: Նայեք, ովքե՞ր են թատրոնների ռեժիսորները: Հիսուն տարի է` այդ մարդիկ ռեժիսոր են, է, պարզ է` կմեռնի: Հիսուն տարի մի աթոռի վրա նստես` կմեռնես, հինգ տարի հետո կմեռնես: Նույն մարդիկ, որոնք ղեկավարում են թատրոնները, հենց նույները դասավանդում են ինստիտուտում, ու սերնդեսերունդ փոխանցում են աթոռները իրար:
- Չնայած պարսկահայերենը արեւելահայ բարբառ է, դու էլ այստեղ ես միջնակարգ, բարձրագույն կրթություն ստացել, բայց կուզենայի քո կարծիքն իմանալ. ժամանակը չէ՞, որ Հայաստանում տեւական ժամանակ ապրող արեւմտահայերն անցնեն պետական լեզվի ուղղագրությանը:
- Ոչ ոք իրավունք չունի: Այս ուղղագրությունը, որ Հայաստանը ունի, եղել է Սովետի հիմնադրման ժամանակ, երբ որ ուզեց կենտրոնաձիգ պետություն լինել: Ընդհակառակը, արեւմտահայությունը շատ սիրուն լեզու ունի, շատ հարուստ է նրանց բառապաշարը: Այդ մենք պետք է իմանանք, դպրոցներում պետք է ե՛ւ արեւմտահայերեն, ե՛ւ գրաբար անցնենք, դա առաջինն բանն է, որ դպրոցներում պետք է անցնել:
Եվ ես կողմ եմ, որ, ասենք, Քյավառի մարդը Քյավառի լեզվով գրի բանաստեղծություններ:
- Ի՞նչն է այստեղ աչքիդ մեջ տհաճորեն ցցվում:
- Այն, որ մարդը ամեն վայրկյան իր շեֆին զոհ է գնում: Տնօրենը քեզ արգելում է մի բան անել, ու դու չես մտածումՙ ինքը իրավունք ունի՞ դա արգելելու:
- Բայց որ շեֆիդ ասածը չանես, քեզ գործից կհանի:
- Ինքը իրավունք չունի հանելու: Այ, այդ գիտակցությունն է սխալ, գուցե ինչ-որ տեղ ոտքդ կախ ես գցում, որովհետեւ գիտես, որ քեզ կհանի, իսկ այդ աշխատանքը քեզ պետք է: Բայց ապրելու ձեւը չպիտի լինի սա. հա, կհարմարվեմ, ինչ ուզում է` ասի:
- Դու փորձե՞լ ես անել:
- Հա, ու հիմա` առանց աշխատանք, փողոցում թրեւ եմ գալիս: Բայց միշտ ինչ-որ մի բան ճարում եմ աշխատելու, շուտով կարող է մտնեմ, ինչ-որ բարում աշխատեմ: Ինչ֊ինչ բաների կարելի է հարմարվել, բայց պիտի գիտակցություն ունենաս, որ բաներ կան, որոնց հարմարվել չի կարելի:
Չենթարկվելու հաջողության պարզ ապացույցն է երկու օր առաջ գլխավոր ճարտարապետի հրաժարականը, կամ ամառային կինոդահլիճի պահպանումը: Թվում էր, անպարտելի հսկայի առաջ ենք կանգնած, բայց հենց մենք` «երրորդ ուժը», բարձրաձայնեցինք` կարծես թե ազդեց (էստեղ, խնդրում եմ` քմծիծաղ չտաք, իբր` վայ, էս ռոմանտիկ ջահելները):
Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ