Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:
Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու են.
1. Հստակորեն դատապարտել Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։
2. Անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի և Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։
3. Օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
4. Նպաստել շոշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայությանը հնարավորություն տալով օգտվելու հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքից, Արցախին տրամադրել միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ։
5. Արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։
6. Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները պատշաճ կերպով հոգալու համար: