կարևոր
5029 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-25 20:56
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. հարցման պատասխան. Փաստինֆո

Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. հարցման պատասխան. Փաստինֆո

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարողացել վկայակոչել, թե ինչ իրավական հիմքով է պնդում, թե Տավուշից Ադրբեջանին հանձնվող տարածքները հայկական չեն, այլ ադրբեջանական։

Այս մասին է վկայում Ազգային Ժողովի նախագահի գրասենյակից «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան ստացված գրությունը։

Նկատենք, որ Ալեն Սիմոնյանն իր հրապարակային խոսքում պարբերաբար պնդում է, թե Ադրբեջանին հանձնվող Տավուշի հողերն ադրբեջանական են։ Ավելին՝ հայտարարել էր, թե «փնտրում է մարդ, որը կասի՝ Տավուշի այդ չորս գյուղերը հայկական են»։

«Փաստինֆո»-ն ապրիլի 15-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով պարզաբանել, թե որ թվականի քարտեզներով է առաջնորդվում՝ պնդելով թե հանձնվող տարածքների ոչ հայկական լինելը։

Հարցրել էինք նաև, թե Սիմոնյանը ընդունելի համարո՞ւմ է Ադրբեջանի հետ փաստացի սահմանազատում իրականացնելը՝ նախքան սահմանագծման համար կոնկրետ քարտեզի համաձայնեցումը։ Ընդունելի համարո՞ւմ է, որ Բաքվի պահանջած տարածքներից ՀՀ ԶՈՒ դուրս բերումը, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ զորքերը չի հանելու 2020 թ-ից հետո ՀՀ օկուպացված տարածքներից՝ նախքան դելիմիտացիան։

Օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ՝ 10 օր հետո, ՀՀ ԱԺ-ից ստացել ենք գրավոր պատասխան, որը բացահայտել են իրենց ասելիքի բացակայությունը, հրապարակային պնդումների իրավական հիմնավորում չունենալը։ «Ի պատասխան Ձեր՝ 15.04․2024 թ. գրության՝ հայտնում ենք, որ հարցերը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով հարցում չեն հանդիսանում, քանի որ ուղղված չեն տեղեկություն հանդիսացող որևէ տվյալի ստացմանը»,-նշված է գրության մեջ։

Ասել է, թե՝ հայկական տարածքները ադրբեջանական համարելու իրավական հիմքերը ներկայացնելը հարցումը, ըստ ԱԺ-ի, հարցում չէ։ Սա հիմք է տալիս մեզ եզրակացնելու, որ Ալեն Սիմոնյանը եւս չգիտի, թե որ քարտեզով է այդ տարածքը ՀՀ քաղաքական իշխանությունը, որի գլխավոր դերակատարներից մեկն էլ ինքն է, համարում ադրբեջանական, պարզապես պետք է այդպես ներկայացնել՝ ներկայացնում են։ Ավելին՝ դժվարանում են ասել՝ թե ինչ ազգային շահով են առաջնորդվում կարեւոր դիրքերից ՀՀ զինված ստորաբաժանումները հետ քաշելու համար՝ առանց պահանջելու, որ նույնն անի Ադրբեջանը։

Աղբյուր` Փաստինֆո