կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 06:57
Հասարակություն

Ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների

Ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների

Ադրբեջանը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին Արաքս գետը միտումնավոր աղտոտելու համար:

Արեւելյան հարեւանի շրջակա միջավայրի մոնիտորինգի ազգային ծառայությունը հրապարակել է մայիս ամսվա առաջին տասնօրյակի տվյալները, որոնց համաձայն` Արաքս գետում կենցաղային աղբի եւ արդյունաբերական թափոնների առկայությունը գերազանցում է թույլատրելի չափաբաժինը:

Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաեւ Կուր գետը աղտոտելու մեջ:

Հիշեցնենք, որ, 2006 թվականից  սկսած, Հայաստանի եւ Իրանի բնապահպանական գերատեսչությունների համապատասխան մասնագետները տարվա ընթացքում մի քանի անգամ մոնիտորինգ են իրականացնում Արաքս գետի ջրերում: Յուրաքանչյուր մոնիտորինգի ընթացքում Հայաստանի կողմից 8, իսկ Իրանի կողմից 12 նմուշառում է կատարվում, եւ մինչ օրս գետի ջրերի գերաղտոտման ահազանգ չի եղել:

ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով` պղնձի պարունակությունը Արաքս գետի հայ-թուրքական սահմանային գոտում, Նախիջեւանից հայ-իրանական սահման մուտք գործելու եւ հայ-իրանական սահմանից դուրս գալու մասերում նույնն է։ Այսինքն` Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի որակի վրա մարդածին գործոններով պայմանավորված ազդեցությունները բացակայում են։

Միաժամանակ,  Ադրբեջանի շրջակա միջավայրի մոնիտորինգի ազգային ծառայությանը հիշեցնենք, որ դեռեւս 2009-2010 թվականներին Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվել է մակերեւութային ջրերում ֆենոլների պարունակության մոնիտորինգ։ Նույն ծրագրի շրջանակներում 2009 թվականին իրականացվել է Կուր-Արաքս գետավազանի միջսահմանային որոշ հատվածների համատեղ ջրաքիմիական մոնիտորինգ։ Արդյունքում պարզվել է, որ Կուր գետն ավելի շատ աղտոտում են ոչ թե Դեբեդն ու Աղստեւը, այլ Կազրետուլա եւ Մշեւարի գետերը, որոնք համարվում են Խրամիի վտակները:

Գալուստ ՆԱՆՅԱՆ