Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008 թ. հոկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ամբիոնից ժողովրդին հղած իր առաջին ուղերձում ասում էր. «Կոռուպցիայի դեմ պայքարը փոխելու է դեմքը, անցնելու ենք առավել անզիջում ու կոշտ միջոցների: …Հասարակության մեջ արմատավորելու ենք կոռուպցիայի հանդեպ բացարձակ անհանդուրժողականության մշակույթը: …Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից, զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնյայի աթոռին պիտի նստի բարեխիղճ, բացառապես հանուն հանրային շահերի գործող ծառայողը»:
Գրեթե նույն միտքը նա կրկնեց 2010թ. դեկտեմբերին` ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ. «Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը և պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները»:
Գռփելապաշտության մշակույթի դեմ անողոք պայքարի արդյունքները, անշուշտ, զգալի են, բայց միայն այդ մասին հայտարարությունների մակարդակով. հիմա դրանց մասին իշխանության ներկայացուցիչները բոլորից առաջ ու բոլորից ավելի բարձր են խոսում:
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր նկատել. «Ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, այնքան կոռուպցիան շատանում է»:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Վերահսկիչ պալատի հայտնաբերած բազմաթիվ աղաղակող խախտումների, չարաշահումների մասին հայտնի է դեռ նախորդ տարվանից: Դրանից արդեն 5 ամիս է անցել, սակայն այդպես էլ պարզ չի դառնում` ի վերջո, ստուգումներն ինչ տվեցին: Չնայած ապօրինությունները քրեական բնույթի են, սակայն աշխատանքից ազատելու տույժերից բացի, որևէ մեկն առ այսօր քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Վերահսկիչ պալատի նախագահն արդեն ԱԺ-ին նախորդ տարվա հաշվետվությունն է ներկայացնում, սակայն պարզվում է, որ նյութերը դեռ նոր միայն դատախազությանն են հանձնվել:
Վարչապետը կառավարության նիստի ժամանակ հստակ հայտարարում է, թե անընդունելի բարձր գներով ձեռք են բերվում սարքավորումներ և ծառայություններ, իսկ գնումների գործընթացում համապատասխան հանձնաժողովները պատասխանատվություն չեն կրում դրանց բովանդակության և որակի համար: Այլ կերպ ասած` վարկային միջոցները, որոնց համար հետագայում վճարում է շարքային քաղաքացին, վատնվում են աննպատակ ու անարդյունավետ: Ակնհայտ է, որ բոլորը շատ լավ տեղյակ են ձեռք բերվող ծառայությունների ու ապրանքների գներին, և որևէ մեկը, առանց շահ հետապնդելու, դրանց համար ավելի թանկ չէր վճարի կամ այդպես վարվելու հրահանգ չէր տա:
Առաջին անգամ չէ, որ պետական միջոցների անարդյունավետ ծախսման խնդիր է առաջ քաշվում: Անցած տարի նոյեմբերին վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարեց աշխատակազմում կառուցվածքային և կադրային փոփոխություններ իրականացնել, որոնք պայմանավորված էին սահմանամերձ շրջանների գյուղացիներին անտոկոս վարկեր տրամադրելու և տոկոսադրույքները պետության կողից սուբսիդավորելու գործընթացն անարդյունավետ իրականացնելու իրողությամբ: Թե ինչ ծավալի գումարների մասին էր խոսքը, ինչպես են դրանք վատնվել, ինչու հասցեատերերին չեն հասել, ովքեր կամ ինչպես են վերականգնելու այդ կորուստները, այդպես էլ մնաց կառուցվածքային փոփոխությունների մասին վարչապետի հանձնարարականների ստվերում:
Այն բոլոր կոռուպցիոն երևույթները, որոնց մասին վարչապետը, Վերահսկիչ պալատի նախագահը ներկայումս խոսում են, միայն կառավարման ներքին կամ միջին օղակների ինքնագործունեության արդյունք չեն կարող լինել: Հնարավոր չէ պատկերացնել, որ գյուղացիներին հասանելիք գումարները կարող էին ինչ-որ նախարարության աշխատակազմի ինչ-որ վարչության կրտսեր կամ միջին պաշտոն զբաղեցնողներ ինքնուրույն գրպանել, կամ էլ ինչ-որ մեկը որոշեր հաճույքի համար կամ էլ առանց վերադասների իմացության տասնյակ հազարներով արհեստականորեն ավելացնել թոշակ ստացողների ցանկը:
Բայց խնդիրները հենց այդ մակարդակով ներկայացնելու հստակ միտում է դրսևորվում: Պատասխանատվության են ենթարկվում բացառապես այդ շղթայում զուտ տեխնիկական հարցեր լուծող կամ պարզապես խողովակի դեր կատարող երկրորդական անձինք, կամ լավագույն դեպքում ազատվում են աշխատանքից ու իրենց համար հանգիստ հեռանում: Ձեռնարկված միջոցառումներն էլ բացառապես հատվածական են և վերաբերում են կոնկրետ իրավիճակում առաջացած կոնկրետ խնդրի լուծմանը: Դրա համար էլ մի տեղ իրավիճակ փոխելու հարց է դրվում, իսկ ուրիշ տեղ նույնատիպ նոր խնդիր է բացահայտվում: Եվ այսպես էլ հետևողականորեն պաշտոնյաների ուղեղներից մաքրվում է գռփելապաշտությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ