կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 15:13
Քաղաքական

Սերժ Սարգսյանի կիրառած PR տեխնոլոգիան խոցելի է

Սերժ Սարգսյանի կիրառած PR տեխնոլոգիան խոցելի է

Նախագահի թեկնածուներից իր քարոզարշավում PR եւ հոգեբանական տեխնոլոգիաներ ամենաակտիվն օգտագործում է Րաֆֆի Հովհաննիսյանը. այսօր լրագրողներին հայտնեցին հոգեբան Սամվել Խուդոյանն ու հոգեբան, PR մասնագետ Հրաչյա Տաթեւյանը:

 

Խուդոյանը նշեց, որ Հրանտ Բագրատյանն, իր քարոզչությամբ, ավելի շատ ինտելեկտուալ մասսայի վրա ազդելու քաղաքականությունէ կիրառում: Նա տնտեսական ծրագիր է ներկայացրել որը միայն մասնագետները եւ լուրջ մտածող մարդիկ կարող են հասկանալ, ու նա ինտելեկտուալ մասսայից ձայներ կստանա: Սակայն նրան խանգարող հանգամանք կարող է հանդիսանալ նախկին իշխանություն լինելու հանգամանքը, իսկ այդ իշխանության ծրագրերը ժողովրդի մի հատվածի մոտ բացասաբար են գնահատվում:

 

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի` հացադուլի նստելու քայլին, ապա, հոգեբանների կարծիքով, այն, հոգեբանական տեսանկյունից զատ, ավելի շատ իր վրա ուշադրությունը կենտրոնացնելու քայլ է, եւ, Խուդոյանի կարծիքով, դա հոգեբանորեն նրա ռեյտինգի եւ ժողովրդի կողմից ընկալման վրա չի անդրադարձել: Հացադուլի գնալով`  Անդրիաս Ղուկասյնանն անձնազոհ մարդու կերպար էլ չի ստեղծում:

 

Հոգեբանները բավականին անհասկանալի գնահատեցին էպոսագետի պահվածքը, մանավանդ` երեւույթներն ու իրողություններն էպոսով բացատրելու հանգամանքները, ինչը, բանախոսների կարծիքով, քաղաքականությունից ու իրականությունից կտրված լինելու տպավորություն  է ստեղծում մարդկանց մոտ: Բայց նաեւ չբացառեցին, որ գուցե նա էլ ճանաչելիության հարց է լուծում:

 

Բայց, հոգեբանական տեսանկյունից, մի հանգամանք էլ առաջ քաշեց Սամվել Խուդոյանը, մասնավորապես` որ գուցե, Վարդան Սեդրակյանին առաջադրելով, ինչ-որ ուժեր փորձում են թեկնածուների լրջության դիստանցիա ստեղծելու իմիտացիա անել: Այսինքն` թե տեսե’ք` նախագահի թեկնածուների ինչպիսի տարբերություն կա:

 

Բանախոսներն անդրադարձան նաեւ գործող նախագահի վարած քարոզչությանը, նշեցին, որ բավականին ակտիվ է այդ քարոզչությունը`Սերժ Սարգսյանի ձայնը կտրվելու աստիճան: Բայց բոլոր դեպքերում չի կարելի ասել, թե հոգեբանական տեսակետից նախագահի խոստումներն ավելի արդյունավետ միջոց են, որովհետեւ գործող նախագահը պետք է ավելի շատ ցույց տար, թե ինչ քայլեր է արել:

 

Անդրադառնալով այն երեւույթին, թե ինչու է Սերժ Սարգսյանը գովերգում է մյուս թեկնածուերին, Սամվել Խուդոյանը նշեց, որ մարդն ազատ կարող է գովերգել, եթե մրցակից չի տեսնում:

Հոգեբանները նշեցին, որ ընտրապայքարին մասնակցող թեկնածուներից ամենալավ PR ակցիան իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ Սերժ Սարգսյանի PR-ը խոցելի է, քանի որ նրա առաջարկներում չկա անցյալի, ներկայի ու ապագայի տրամաբանական կապն ու շղթան, նա չի ներկայացնում, թե ինչ է արել, ինչ արդյունքներ է ունեցել, որվհետեւ միայն գործող նախագահը պետք է հանդես գար ոչ թե ապագայի տեսլականով, այլեւ անցյալի հաշվետվությամբ, հետո նշեր, թե ինչ է պատրաստվում անել` որպես շարունակություն:

 

Իսկ այս ընտրություններում, հոգեբանների տպավորությամբ, պրոֆեսիոնալ հոգեբաններ չեն աշխատում: