կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-11 18:31
Առանց Կատեգորիա

Քաղաքապետացուական դեժավյու կամ ԲՀԿ հոգեդարձի տեխնոլոգիան

Քաղաքապետացուական դեժավյու կամ ԲՀԿ հոգեդարձի տեխնոլոգիան

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պատրաստ է լայն ճակատով, այսինքն` ընդդիմության հետ միասնական թիմով գնալ Երևանի ավագանու ընտրություններին, բայց` «ԲՀԿ առանցքի շուրջ»: Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն, այսպիսով, ակնարկում է, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմության` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ համախմբումը, միասնական ճակատի ձեւավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մյուսներն անառարկելիորեն ճանաչեն ԲՀԿ-ի հեգեմոնությունը:

 

Անցած շաբաթավերջին այս 4 կուսակցությունները ՀՅԴ ԳՄ գրասենյակում բանակցեցին Երևանի ավագանու ընտրություններում միասնական ձևաչաով մասնակցության հնարավորությունների շուրջ, որը, սակայն, ավարտվեց առանց որևէ շոշափելի արդյունքի: Կողմերն ընդամենը պայմանավորվեցին շարունակել քննարկումները, այլ կերպ ասած` բանակցություններն, ըստ էության, տապալվեցին: Դատելով Զոհրաբյանի վերոնշյալ մեկնաբանություններից` արդեն հասկանալի է, թե դա հատկապես ինչ կամ, ավելի ճիշտ, ում պատճառով տեղի ունեցավ:

 

Բանակցություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն պաշտոնապես հաստատեց, որ արդեն պատրաստ է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության` կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորելու է ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ցուցակի երկրորդ և երրորդ համարների տակ հաջորդաբար Գուրեն Արսենյանը և Նաիրա Զոհրաբյանն են: Սա նշանակում է, որ կա'մ ԲՀԿ-ն իր համար փակված է համարում երևանյան ընտրությունների կտրվածքով ընդդիմության կոնսոլիդացման թեման, կա'մ մյուս, պոտենցիալ գործընկեր ուժերի հետ նախընտրում է խոսել նախապայմանների լեզվով` նրանց դնելով երկընտրանքի առջև: Ըստ այդմ` ԲՀԿ-ն առաջարկում է կա'մ համակերպվել իր շուրջը և իր պայմաններով միավորման հեռանկարի հետ, կա'մ այդ միասնական ձևաչափը իրականություն չի դառնա երբեք:

 

Ավելորդ է թերևս, նշելը, որ,  «ԲՀԿ-ի առանցք» ասելով, այս կուսակցությունն առաջին հերթին հասկանում է ԲՀԿ-ական քաղաքապետացուի հարցում համաձայնության ձեռքբերումը: Օսկանյանի գլխավորությամբ ցուցակի մասին պաշտոնական տեղեկատվությունը, ըստ այդմ, նշանակում է, որ իբրև  «նման առանցք» ԲՀԿ-ն մյուսներին հենց սկզբից առաջարկում է նախկին արտգործնախարարի թեկնածությունը: Խնդիրն, իհարկե, այն չէ` որքանով է այս թեկնածությունն ընդունելի կամ կոմպրոմիսային մյուս ուժերի համար, այլ այն, որ ԲՀԿ-ն սկսում է նման կոշտ դիրքերից խոսել քաղաքական մի իրավիճակում, որտեղ ինքն այլևս տոն տվող չէ և այն գործոնը չէ, ինչ էր մինչև նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին որոշման կայացումը: Փաստացի ԲՀԿ-ն առաջարկում է փակել հետընտրական ամբողջ այս իրականությունը, որտեղ ինքը քաղաքականապես ուղղակի գոյություն չունի և ի հեճուկս հասարակական տրամադրությունների` ամեն ինչ սկսել սպիտակ, նոր թղթից, մի բան, որ գործնականում հնարավոր չէ անել:

 

Խնդիրն այն է, որ այս նոր իրականությունում քաղաքական ուժերը փաստացի առայժմ ոչինչ չեն որոշում, որոշողը ընտրական խեղված համակարգի և սեփական քվեի պաշտպանության համար ոտքի ելած հասարակությունն է և քաղաքացիական գիտակցությունը, որի գոյությունն ինքնին մերժում է, այսպես կոչված, «բհկականիզմն» ընդհանրապես: Այս իրողության անտեսումը երկու բան է նշանակում, նախ` ԲՀԿ-ն քաղաքապետացուի ներկայիս հավակնությունները դրսևորում է` ուղղակիորեն հակադրվելով սկսված շարժման էությանը, որի կողքին, իբր, գտնվելու մասին հայտարարություն էր տարածել: Երկրորդ` այս ճանապարհով ԲՀԿ-ն փորձում է չեզոքացնել Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը և, նրան իր ազդեցության գոտի բերելով, ստանձնել շարժման դե ֆակտո առաջնորդումը:

 

Սա իհարկե, խիստ ամբիցիոզ ծրագիր է, թեև իրականում ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն ընդամենը փորձում են անել այն, ինչ արեցին նաև նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ ԲՀԿ-ն փորձում էր մյուս ուժերի վզին փաթաթել Գագիկ Ծառուկյանի` միասնական թեկնածու դարձնելու ծրագիրը, որի ձախողման պատճառով էլ իրականում այս կուսակցությունը որոշեց դուրս գալ խաղից` փաստացի շահագործելով ու էժանացնելով միասնական պլատֆորմով հանդես գալու գաղափարը: Հիմա էլ ահա փորձ է արվում մյուս ուժերի վզին փաթաթել Օսկանյանին միասնական քաղաքապետացու դարձնելու պլանը: Ինչպես այն ժամանակ ԲՀԿ-ն ընդդիմության միասնական բևեռի ձևավորումը վիժեցրեց` սեփական հավակնությունները բավարարելու մղումներից ելնելով, այդպես էլ, փաստորեն, անում է հիմա: Մնում է ընդամենը հասկանալ, թե հիմա ԲՀԿ-ամերձ քարոզչամեքենան ում վրա է փորձելու բարդել դրա պատասխանատվությունը, որովհետև այս անգամ կառչելու տեղ ԲՀԿ-ն չունի:

 

Խուսափելով հստակ գնահատական տալ կայացած ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելու վերաբերյալ, ընտրությունների ժամանակ իր յուրաքանչյուր բջիջով լծված լինելով գործող նախագահի վերընտրության ապահովմանը`ԲՀԿ-ն վատնել, մսխել է անգամ այլընտրանք, ուր մնաց` ընդհանուր ընդդիմության առանցք դառնալու իրավունքը: Քաղաքական դիակից վերածնվելու համար այս կուսակցությունը պարտական է, թերևս, Րաֆֆի Հովհաննիսյանին, ով գերագնահատելով ԲՀԿ-ի ներկայիս ներուժը, անձամբ գնաց Գագիկ Ծառուկյանի հետ անպտուղ ու անիմաստ բանակցությունների: Դրանով Հովհաննիսյանն ընդամենը ասպարեզ վերադարձրեց մի ուժի, որը հիմա փորձում է, թե' նրա և թե' սկսված շարժման ուսերից ցատկելով, վերադարձնել կորցրած դիրքերը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ