կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 17:11
Հասարակություն

Ադրբեջանցի գնդապետը զինվորների թաղումների ժամանակ, բարձր գոռալով, պատմել է «հերոսությունների» մասին

 Ադրբեջանցի գնդապետը զինվորների թաղումների ժամանակ, բարձր գոռալով, պատմել է «հերոսությունների» մասին

Ադրբեջանում ընդունված է, որ մարտական գործողությունների ժամանակ սպանվածների հարազատներին շնորհավորեն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը` հավելելով, որ ասում են՝ շնորհավորում եմ շեհիդությունը: «Շեհիդ են ասում բանակում վթարից զոհվածին անգամ: Նրանց թաղումները նայեք, գոռալով են նրանց թաղումները, կարծես սպորտային միջոցառում լինի, ոչ թե զինվորականի թաղում»,- ասաց նա:

Վրթանեսյանի խոսքով`Ադրբեջանի ՊՆ-ն մասնագետ ունի՝ գնդապետ Աբդուլլահ Ղուրբանը, ով գնում է զինվորների թաղումներին ու, բարձր գոռալով, նույնիսկ` ժպտալով, սկսում պատմել, թե ինչ լավ բան է, որ նրանց  որդին զոհվեց՝ որպես հերոս: «Եթե տեսանյութերը նայեք, կտեսնեք՝ ինչ աննորմալ բան են: Մորը նույնիսկ չեն թողնում` լացի, հայրը լացում է, գնդապետը գալիս է կողքից` սկսում գոռալ: Ադրբեջանը փորձում է զսպել ցանկացած ազատ խոսք: Եթե մեկը հանկարծ շատ թեթև կարծիք է գրում, օրինակ` եկեք մեր թշնամիներին էդքան չթերագնահատենք, վերջիվերջո, եթե այդպես լինի, վաղուց պետք է գրաված լինեինք, նույնիսկ այդպիսի մեղմ մեկնաբանությունները շատ բացասական ռեակցիա են առաջացնում, վիրավորում են շատ ագրեսիվ կերպով այդ մարդկանց, ջնջում նրանց գրածները: Ֆեյքերի բանակ կա, որոնք հետևում են, որ հանկարծ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը չփորձի գլխավոր, այսպես ասած՝ կուսակցական գծից շեղվել»,- ասաց նա` հավելելով, որ ադրբեջանցիներն ակտիվ կերպով թաքցնում են իրենց զոհերի թիվը:

Ըստ Razm. Info-ի` 2016 թվականի ապրիլի 2-5-ի ընթացքում  հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմի` ինքնությունը պարզված սպանված զինծառայողների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 94 է, այդ թվում` 42 ժամկետային զինծառայող, 31 ենթասպա, պայմանագրային, այդ թվում` հետախույզներ ու հատուկջոկատայիններ, 5 մայոր, որոնցից առնվազն մեկը հատուկջոկատային է` Իմանով Սամիդ, ով ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի  կոչում, 4 կապիտան, 8 ավագ լեյտենանտ, 1 լեյտենանտ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է միայն ապրիլի 2-5-ը սպանված ընդամենը 31 զինծառայողի մասին:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունների կոծկող քաղաքականության արդյունքում ադրբեջանական հասարակությունն իր զոհերի մասին տեղեկանում էր առավելապես հայկական լրատվամիջոցներից, ավելին՝ ադրբեջանցի լրագրողները տարածում էին սպանվածների՝ հայկական կողմի տրամադրության տակ եղած ցուցակները: