կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-04 23:31
Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել "Եվրանեսթ"-ի ԽՎ հիմնադիր նիստում

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել "Եվրանեսթ"-ի ԽՎ հիմնադիր նիստում

Այսօր մեկնարկել է «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում են Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Սարգսյանը, Արտակ Զաքարյանը, Խաչիկ Հարությունյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Մելիքյանը, Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, որից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասել է. «Թույլ տվեք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անունից շնորհավորել մեզ բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել դոկտոր Եժի Բուզեկին իր հրավերի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև «Եվրանեսթ»-ում ներկայացված բոլոր ազգային պատվիրակությունների և քաղաքական խմբերի ղեկավարներին` իրենց կատարած հետևողական աշխատանքի համար, որի շնորհիվ հնարավոր եղավ իրականություն դարձնել այս յուրահատուկ նախաձեռնությունը:

Դեռևս 2004 թվականին, երբ սկիզբ առավ Եվրամիության հարևանության քաղաքականությունը, Եվրամիության երկարաժամկետ նպատակն էր օժանդակություն տրամադրել Արևելյան գործընկեր երկրներին և նույնատիպ ծրագրերի իրականացման միջոցով դյուրացնել նրանց անցումային փուլը դեպի լիարժեք ժողովրդավարություն:

Այս համատեքստում ակնհայտ է «Եվրանեսթ»-ի ինքնատիպությունը: Արևելյան գործընկերները ոչ թե անդամակցում են արդեն իսկ գոյություն ունեցող եվրոպական կառույցի, այլ իրենք են նման կառույցի հիմնադիր հանդիսանում: Եվրախորհրդարանն իր գործունեության ողջ ընթացքում ապացուցել է հավատարմությունը համամարդկային արժեքներին` ազգերին խրախուսելով միավորվել ազատության, համերաշխության, արդարության և կայունության գաղափարի շուրջ, ընդդեմ արգելքներ և բաժանարար գծեր ստեղծելու գայթակղության, որն այնքան դյուրին է քաղաքական ասպարեզում:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ապացուցել է իր հավատարմությունն այս համամարդկային արժեքներին և եղել համագործակցության ջատագովը, իր հարևանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման կողմնակիցը: «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովը կլինի այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արևելյան գործընկերությանը և արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմնարար արժեքներին, հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը:

Այդ համատեքստում Եվրոպան իր բազմազանությամբ համերաշխության հաստատման լավագույն օրինակն է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաև միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջև վստահության և համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության և անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաև Պրահայի հռչակագրում:

Բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն և քաղաքական կամք: Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց և կանխատեսել մարտահրավերները: Այն նաև յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության և փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրախորհրդարանի և գործընկեր պետությունների խորհրդարանների միջև:

Այս միջխորհրդարանական վեհաժողովն Արևելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթությունն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը Եվրամիության և Արևելյան գործընկեր պետությունների միջև: Այն կարող է հզոր գործիք դառնալ գործընկերության ամրապնդման և զարգացման գործում: Հայաստանի դեպքում մեր դավանած քրիստոնեական արժեքները, պատմական և լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր ներկայությունը Եվրամիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` Եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս հանդիսանալու հանգամանքը:

Եվրամիության քաղաքացի հանդիսացող մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին դրա լավագույն ապացույցն է: Այս առումով մենք կարևորում ենք մեր քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը: Ցանկանում եմ նաև հատուկ շեշտել, որ դեռևս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին: Գիտեմ, որ մեր գործընկերներից ոմանք ավելի առաջ են անցել:

Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք «Եվրանեսթ»-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բոլոր գործընկերները կիսում են այս մոտեցումը: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում և փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը: Անցած ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովն իր հանձնառությունն է հաստատել «Եվրանեսթ»-ի հետ լիարժեք համագործակցելու գործընթացում` լինելով առաջինը ազգային պատվիրակության ձևավորման և նախապատրաստական աշխատանքներին իր մասնակցությամբ:

Գլոբալացման այս դարաշրջանում բազմազանության դերը չափազանց կարևոր է, և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցերը պետք է գերակայեն մեր քաղաքական օրակարգում: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին: «Խոսքի և հավաքների ազատության մասին» նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել մեր հանրապետությունում:

Հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը «Եվրանեսթ»-ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: «Եվրանեսթ»-ը նաև նոր թափ կհաղորդի մեր միջև առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջև կապերի ամրապնդման համար:

Ավարտելով ելույթս` ցանկանում եմ հստակ ընդգծել, որ ես «Եվրանեսթ»-իխորհրդարանական ձեւաչափը դիտարկում եմ ոչ թե որպես ինքնանպատակ կառույց, այլ համագործակցության կամուրջ, որը անցնելու վճռականությունը Հայաստանը ունի»:

Խորհրդարանների ղեկավարների ելույթներից հետո ստորագրվել է «Եվրանեսթ»-ի  Խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտը եւ ընդունվել է կանոնակարգը: «Եվրանեսթ»-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննեսյանն ընտրվել է «Եվրանեսթ»-ի ԽՎ փոխնախագահ: