Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր ելույթում նա անդրադարձավ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական կեցվածքին: Նա նշեց, որ, չնայած հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ակտիվ ջանքերին եւ այդ համատեքստում ստորագրված մի շարք փաստաթղթերին, Ադրբեջանը շարունակում է խախտել ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքից զերծ մնալու սկզբունքը՝ հրահրելով սպառազինության մրցավազք: Նախագահն նաեւ նշեց, որ անհրաժեշտ է բացառել ապագայում նոր ցեղասպանությունների կրկնությունը:
Չնայած նա դա չկապեց հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն հիշեցրեց, որ հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունը, որը հանգեցրեց արձանագրությունների ստորագրմանը, առայժմ որեւէ արդյունք չի տալիս Թուրքիայի կողմից դրանց վավերացման գործընթացը սառեցնելու պատճառով: Հիշեցնելով, որ օրեր առաջ Հայաստանը նշել է իր անկախության 20-ամյակը, ՄԱԿ-ի ամբիոնից նախագահն իր երախտագիտությունը հայտնեց այդ ժամանակաշրջանում Հայաստանին սատարած երկրներին:
Ելույթի ամբողջական տեքստը տե'ս ստորեւ:
Պարո՛ն Նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Նախ շնորհավորում և ամենայն հաջողություն եմ մաղթում ՄԱԿ-ի Գլխավորասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ պարոն Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Շվեյցարիայի ներկայացուցիչ պարոնԴայսին` 65-րդ նստաշրջանը կառավարելու համար:
Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից կրկին շնորհավորում եմ ՄԱԿ-իԳլխավոր քարտուղար Բան Կի Մունին` բարձր պաշտոնում վերանշանակվելուկապակցությամբ:
Ուզում եմ հատուկ արժևորել այս նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների թեմայի ընտրությունը և կարևորել միջնորդական առաքելությունների նշանակությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման ու ռազմական զարգացումների կանխարգելման միջոց:
Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային և տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղության և անվտանգության պահպանման, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման գործում:
Այս առումով հարկ է շեշտել տարածաշրջանային կազմակերպությունների ներգրավվածությունը, որոնք միջնորդական առաքելությունների բնագավառում կուտակել են հսկայական փորձառություն, խորությամբ են տիրապետում տեղի քաղաքական, մշակութային և ռազմական իրողություններին: Միջնորդական գործունեության հաջողությունը պայմանավորված է նաև հստակորեն ձևակերպված լիազորություններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Կցանկանայի մատնանշել ևս մի կարևոր գործոն՝ հակամարտությունների սրացման և ռազմական գործողությունների վերսկսման կտրվածքով միջնորդական առաքելությունների կանխարգելիչ գործունեությունը: Միջնորդական գործունեության այս կողմը երբեմն անտեսվում է, բայց միջազգային խաղաղության և կայունության պահպանման առումով այն ունի ոչ պակաս կարևորություն, քան միայն վիճահարույց խնդիրը լուծման հանգեցնելը:
Պարո´ն Նախագահ,
Երեք տարի առաջ, պատիվ ունենալով խոսելու այս ամբիոնից, ես նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում: Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների:
Ցանկանում եմ շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրապետությանը: Նրա ճանապարհը մինչև այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտահայտությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ-պետություններ:
Միևնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաև ԼեռնայինՂարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել:
Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները և փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:
Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան:
Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր, այդ թվում և այստեղ՝ ՄԱԿի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային և սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում և տարածվում են շատ պարզունակ և, միևնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետևյալն է` հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սև «փիառ»-ի խայծը, և դա արդեն իսկ օգտակար է:
Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով և մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձևակերպվել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը: Նշված փաստաթղթերում առկա է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները:
Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը:
Պարո´ն Նախագահ,
Այս վեհաժողովի շրջանակներում, ի թիվս մեր ժամանակի թերևս ամենակարևոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ քննարկումների, երեկ տեղի ունեցավ Դուրբանի հռչակագրի 10-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը, որը մեկ անգամ ևս ամրագրեց անհանդուրժողականության, ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության բոլոր դրսևորումների վերացման անհապաղ անհրաժեշտությունը:
Ցավոք, մեզ՝ հայերիս համար այդ երևույթները սոսկ իմ կողմից քիչ առաջ հիշատակած դրսևորումներով չէ և սոսկ այսօր չէ, որ ծանոթ են: Որպես ռասիզմի և այլատյացության ծայրահեղ դրսևորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Ռասիզմի և այլատյացության վերացումն ու հանդուրժողականության արմատավորումը կարող է դառնալ իրապես գործուն մեխանիզմ, եթե ուղեկցվի պատասխանատվության հստակ սահմանումով: Անպատժելիությունը, պատասխանատվությունից խուսափումը ծնում են նորանոր հանցանքներ, ուստի մեր՝ միջազգային հանրության պարտքն է ժամանակին նկատել և դատապարտել անհանդուրժողականության ցանկացած, առավել ևս ծայրահեղ դրսևորում:
Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդարանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագործության ժխտման քաղաքականություն:
Մենք միանշանակորեն ողջունում ենք միջազգային հանրության մեջ արմատավորված հստակ կեցվածքը, որը բացառում է ցեղասպանության և մարդկության դեմ իրականացրած այլ հանցագործություններ կատարողների նկատմամբ որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորությունը:
Առանց ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով:
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս չեմ կարող չհիշատակել այս տարի նշվող մեկ կարևոր հոբելյան՝ փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Մեծ հումանիստը մեր ժողովրդի դժվարագույն տարիներին անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ նպաստելով ցեղասպանությունից փրկված, հայրենազրկված հայության բեկորների վերապրելուն: Նանսենյան անձնագիր կրողները հաստատվեցին աշխարհի բազում երկրներում, ոտքի կանգնեցին՝ սեփական նպաստը բերելով իրենց ապաստանած երկրների ու ժողովուրդների զարգացմանը:
Կարծում եմ` բարոյականության իրենց պատկերացումը «ռեալպոլիտիկի» դաժան աշխարհում առաջ մղող նման հզոր անձնավորությունների շնորհիվ է, որ միջազգային հարաբերություններում արդարությունը և պետությունների իրավահավասարությունը դարձել են կատեգորիաներ:
Պարո´ն Նախագահ,
2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած ՀայաստանԹուրքիա կարգավորման գործընթացը և որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի և անորոշության մթնոլորտը: Եվ թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:
Այսօր կայուն զարգացմանը նվիրված Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք, կյանքի կոչել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները` Հարավային Կովկասը համագործակցության ու բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար:
Անվտանգության ու զարգացման փոխկապակցվածությունը վերացական հասկացություն չէ մեր տարածաշրջանի համար, որտեղ տնտեսական համագործակցությունն ու միջազգային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրումը խոչընդոտվում են ապօրինի շրջափակումներով և տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի արգելափակումով:
Նման մոտեցումները, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքի հրահրումը ոչ միայն վտանգավոր են տարածաշրջանի ժողովուրդների համար, այլև շարունակում են խլել կայուն զարգացում ապահովելու համար խիստ անհրաժեշտ ռեսուրսները:
Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:
Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր և կայուն կամուրջ:
Պարո´ն Նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա հոբելյանը: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը` հասնելով հայ ժողովրդի երազանքի իրականացմանը և վերստին միանալով միավորված ազգերի ընտանիքին:
Պատմության տեսանկյունից 20 տարին գուցե և փոքր ժամանակահատված է, սակայն ներկա սերնդի համար դա մեծ փոփոխությունների, անկախ պետականության կայացման և աշխարհում իր տեղի ու դերի ընկալման խորհուրդն է ունեցել: Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից իմ երախտագիտության խոսքն եմ հղում բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ում օժանդակությունը վայելել ենք մեր 20-ամյա կայացման և պետականաշինության ճանապարհին:
Ազատություն, խաղաղություն և ժողովրդավարություն` սա է մեր ընտրությունը, և մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Այսօր մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պետական շինարարության լայնածավալ ծրագիր: Զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների, իրավական պետության և ազատական տնտեսության կայացման ուղղությամբ: Շատ բան մեզ հաջողվել է, շատ բան դեռ ունենք անելու, բայց մի բանում ավելի քան համոզված ենք` ճանապարհը, որով ընթանում ենք, իսկապես ճիշտ ճանապարհ է և այլևս հետդարձ չունի:
Պարո´ն Նախագահ,
Ուղիղ մեկ տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպության նստավայր Նյու Յորքը տեսավ մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնություններից մեկը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Հայաստանն անվերապահ սատարում է և իր գործուն մասնակցությունն է բերում միջազգային հանրության հակաահաբեկչական պայքարին, ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին, անում և պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի մեր աշխարհը դառնա առավել խաղաղ ու ապահով:
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ապահովման և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործին` լինեն դրանք խաղաղապահ առաքելություններ, բնական աղետների հետևանքների վերացում, բնապահպանական խնդիրներ, թե ահաբեկչության, ռասիզմի, անհանդուրժողականության դեմ պայքար: Մեր այդ մղումն ու ցանկությունն այս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք նաև գործով ու պատրաստ ենք նույնը անել նաև այսուհետ:
Շնորհակալ եմ: