կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 02:07
Քաղաքական

Մենք հակազդելու խնդիր չունենք

Մենք հակազդելու խնդիր չունենք

Մեր պատասխանը միշտ համարժեք է եղել եւ շարունակելու է լինել համարժեք. անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի խախտման շեշտակի աճին եւ հայերի պատասխան գործողություններին` այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Ըստ նրա` Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ այն, ինչ տեղի է ունենում շփման գծում, ունի նաեւ ներքաղաքական սուր ենթատեքստ:

«Ադրբեջանում լարվածությունն աճել է, եւ ադրբեջանական կլանը գնում է նման քայլերի, որպեսզի առաջին գծի լարվածությամբ հիմնավորի իր բռնապետությունն ու փորձի կայունացնել իրադրությունն այն առումով, որ հնարավորինս մեծ թվով մարդկանց կոնսոլիդացնի իր իշխանության շուրջ»,- ասաց Դավիթ Ջամալյանը` հավելելով, որ սա նաեւ մեր երկրի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ձեւերից մեկն է:

Փորձագետը համոզված է, որ այս իրավիճակը կշարունակվի նաեւ Ալիեւի կլանի հեռացումից հետո, քանի որ ադրբեջանական ընդդիմության հայացքներն Արցախի հարցում շատ ավելի արմատական են, քան իշխանությանը:

Ինչ վերաբերում է դիվերսիոն գործողություններին հակազդելու խնդրին, ապա Դ. Ջամալյանը նշում է, որ մենք հակազդելու խնդիր երբեք չենք ունեցել. Արցախի բանակում ադեկվատ պատասխանի անխուսափելիության խնդիր կա, եւ այդ պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տա:

Փորձագետը նաեւ նշեց, որ ադրբեջանցիները երբեք մինչեւ վերջ չեն խոստովանում, թե իրենց զոհերն ինչ հանգամանքներում են եղել, միայն մի մասին են ներկայացնում իբրեւ հայ դիպուկահարների զոհ, մյուս մասին ներկայացնում են իբրեւ արտակարգ պատահարների հետեւանք:

Ջամալյանը համոզված է, որ առաջիկայում ադրբեջանական լրահոսներում կլինեն տեղեկություններ, թե ադրբեջանական բանակի մի շարք ստորաբաժանումներում արտակարգ միջադեպեր են տեղի ունեցել: «Երբ դիվերսիոն հարձակում է լինում, ապա նրանք դա չեն հաղորդում, որպեսզի հասարակության մեջ բարոյալքող եւ անկումային տրամադրություններ չառաջանան, քանի որ իրականությունը հակադրվում է պետական քարոզչությանը»,- նշեց փորձագետը եւ հավելեց, որ իր տեղեկություններով` ընթացիկ տարվա ընթացքում ադրբեջանցիները մոտ 50 զոհ են տվել:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` Ադրբեջանը շարունակելու է նմանատիպ դիվերսիաները, որովհետեւ իրականում դա նրա վերջին լծակն է` ինչ-որ կերպ ազդել ԼՂ հարցի վրա. որեւէ այլ ռեսուրս Ադրբեջանը չունի: Քաղաքագետը, սակայն, նշում է, որ պատերազմի սպառնալիքը դեռեւս չի նշանակում, որ անպայման պատերազմ կլինի. «Ադրբեջանը ո'չ պատրաստ է, ո'չ էլ ուզում է պատերազմ սկսել, բայց պատկերացնել, որ Ալիեւը վաղը կհրաժարվի այս քաղաքականությունից, իրատեսական չէ, քանի որ խուսափել ռազմատենչ հայտարարություններից Ադրբեջանի ներկայիս ղեկավարության համար ինքնասպանությանը հավասար քայլ է»:

Քաղաքագետը նաեւ համոզված է, որ այս գործողությունները, բացի այն, որ հանգեցնում են մարդկային զոհերի, որեւէ կերպ իրական քաղաքականության վրա չեն կարող ազդել` ո'չ կարող են հայկական կողմին ստիպել ինչ-որ զիջումների գնալ, ո'չ էլ միջազգային հանրության դիրքորոշումը փոխել: