Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգաամավոր Ռուբեն Հակոբյանի՝ ՀՅԴ ցուցակով ընտրություններին մասնակցելու հարցին, լրագրողներին հայտնեց, որ նման քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չեն հասել: Ըստ նրա՝ այս պահին իրենք լուրջ պատրաստվում են սեփական ուժերով ընտրություններին մասնակցելուն, բայց իրենք էլ խնդիր ունեն` ընդլայնելու իրենց համակիր շրջանակը և գնալու ավելի մեծ թիմով, որովհետև նոր ընտրակարգն այդպիսի դաշտ է առաջացրել:
«Այդ նորույթները, որ բերվել են, դրանց համապատասխան մենք լուրջ անելիք ունենք՝ գտնել այն անձանց, ովքեր Դաշնակցության հետ նույն տրամաբանությամբ կարող են երկրի առջև ծառացած խնդիրների մեջ պատասխանատու լինել: Նրանք պետք է առնվազն ամբողջությամբ կիսեն ՀՅԴ արժեհամակարգը, որովհետև Դաշնակցությունը հայտնի է իր շատ հստակ ձևակերպված գաղափարախոսությամբ, և որևէ մեկը մեզ հետ չի կարող լինել` այդ գաղափարախոսությունը չընդունելով»,- ասաց դաշնակցականը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանին, Ռուստամյանը նշեց, որ ժամանակին նա եղել է ՀՅԴ անդամ, բայց իրենք նրա հետ չեն խոսել, ոչ էլ այդպիսի հարց է օրակարգ բերվել:
«Հակոբյանի հետ էլ, մյուս բոլորի հետ էլ, ովքեր Դաշնակցությունում ժամանակին եղել են, մենք ունենք նորմալ հարաբերություններ, որովհետև եթե նրանք ինչ-որ ժամանակ եղել են ՀՅԴ-ի մեջ, պատահական չեն եղել, բոլորն էլ, բնականաբար, ընդունել են Դաշնակցության գաղափարախոսությունը, և անգամ` եթե հիմա դուրս են Դաշնակցության կառույցից, այդուամենայնիվ, այդ գաղափարախոսությունը կրողներն են: Դա մարդու տեսակի մեջ է, հոգու մեջ է»,- ասաց նա:
Լրագրողները նաև հետաքրքվեցին` ճի՞շտ են այն խոսակցությունները, թե ՀՅԴ Սփյուռքի կառույցները դեմ են Դաշնակցության վարած քաղաքականությանը և դադարել են ֆինանսավորել, Ռուստամյանն արձագանքեց. «Բացարձակ որևէ հիմք չկա մեր կառույցի մեջ ինչ-որ բան գտնելը: Միշտ փորձեր կատարվում են, բայց դրանք անողները տեսնում են, որ դա այդպես չէ, որ որևէ պառակտում գոյություն չունի: Ես վերջերս վերադարձել եմ Ավստրալիայից, տեղի մեր կառույցն ամբողջությամբ, լիարժեք հավանություն է տալիս մեր վարած քաղաքականությունը»:
Նա հավելեց նաև. «Մենք հատուկ ջանք չենք գործադրում ինչ-որ զարտուղի ճանապարհներով լրացուցիչ ֆինանսներ ձեռք բերելու ուղղությամբ: Մենք ամեն տեսակի ֆինանսավորում ձեռք չենք բերում, որովհետև պետք է նկատի ունենաս, որ քո որակը կարող է դրանից տուժել»:
Հարցին՝ միշտ ասվում է, որ դուք ունեք ձեր մշտական` 5 տոկոս ձայները, Հանրապետականի հետ համագործակցությունից հետո այդ տոկոսը սասանվե՞լ է, թե՞ ոչ, Ռուստամյանը պատասխանեց. «Դաշնակցության այդ մշտական տոկոսը երբեք չի սասանվել, որովհետև դա բնորոշ է հենց գաղափարական կուսակություններին: Նրանց տոկոսը կարող է շատ թռիչքային չլինել, բայց շատ կայուն է, դա խոսում է կուսակցության գաղափարականության մասին: Մենք միշտ ասում ենք այն, ինչում համոզված ենք, և վստահ ենք, որ հենց դա է պետք ժողովրդին, ոչ թե, երբ հանդես ենք գալիս պոպուլիստական հայտարարություններով: Միշտ էլ հաղթահարել ենք այդ շեմը, բայց մենք նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունենք: Մենք մեր երկիրը սկսված պրոցեսների հիման վրա առաջ տանելու խնդիր ունենք: Մենք դերակատար ենք եղել այս նախադրյալները ստեղծելու հարցում, համահեղինակ ենք եղել այս ամենին, եթե չասեմ` հիմնական պահանջատերն ենք եղել, և հիմա սխալ կլինի, որ մյուս քայլերը կյանքի կոչելու, խորացնելու, գործընթաց սկսելու մեջ դերակատար չլինենք»: