կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 01:40
Քաղաքական

Ջրբաժանից հետո մարտի 1 չի լինի

Ջրբաժանից հետո մարտի 1 չի լինի

Քաղաքացիական հասարակության մասին խոսել սիրող ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հերթական ասուլիսը տվեց ՀԱԿ-ի` ապրիլ 28-ին կայանալիք հանրահավաքից երկու օր առաջ:

Հանդարտ տոնով խոսելով վերջին տարում քաղաքական գործընթացների հանդարտ ընթացքի մասին` Զոհրաբյանը նշեց, որ քաղաքական վերջին իրադարձություններն ընթանում են փոխհամաձայնության մթնոլորտում` ընդդիմությունը շատ չի ճնշում, իշխանությունն էլ շատ չի ընդդիմանում:

«Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ պատրաստ ենք երկխոսությունների: Ընդդիմությունը նոր բան չի հայտնագործում, երբ խոսում է երեք պահանջներից, դա մի քիչ իմիտացիա է իրենց կողմից: Առանց ընդդիմության առաջարկների էլ մենք էդ պրոցեսներն անում էինք` կարող է մի փուլում դանդաղ, մի փուլում` մի քիչ արագ: Երբ քաղաքական ընդհարումներ չկան, սա արդեն փոխզիջում է, սա արդեն մարտի 1 չէ, երբ շատ ծայրահեղ էին տրամադրված, եւ այդ պատճառով էլ ընդհարումներ եղան: Սա դանդաղ պրոցես է, եւ կարող է տեւել մինչեւ ընտրություն ու ընտրությունից հետո էլ: Երկխոսությունն այն չէ, որ Սերժ Սարգսյանը գնա Տեր-Պետրոսյանի հետ նստի մի սենյակում ու բանակցի, նորից եմ կրկնում երկխոսությունը պրոցես է»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Խոսելով ջրբաժանի մասին` նա նշեց, որ իշխանությունը նորմալ է ընկալում այդ հասկացությունը. «Կգա այդ օրը, հանրահավաք կանեն, եւ եթե իրենք պատկերացնում են, որ դրանից հետո ընդհարումներ, ճնշումներ ու անհնազանդություն կլինի, դա իրենց խնդիրն է, բայց կարծում եմ` իրենք չեն հայտարարի, որ դրանից հետո կլինեն հակազդելու, ճնշելու պրոցեսներ»:

ՀՀԿ փոխնախագահը փարատեց նաեւ որոշ մտավախություններ: «Նախագահը չի պատրաստվում լուծարել ԱԺ-ն, մենք գնում ենք հերթական ընտրությունների, որեւէ լուրջ խնդիր չկա` ո'չ լուծարման, ո'չ արտահերթ ընտրությունների»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` ՀԱԿ-ի հետ փոխպայմանավորվածության արդյունքում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրերին, Զոհրաբյանը նշեց, որ չի կարծում, թե նման պայմանավորվածություն կա. «Մենք դրա խնդիրը չունենք. ընտրությունները եղել են լեգիտիմ, նորմալ, եվրոպական կառույցները ճանաչել են...»:

Զոհրաբյանը խոսեց նաեւ Հայաստանի օմբուդսմենի հայտարարության մասին` միջնորդ դառնալ իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Բարի կամք է դրսեւորում, ուզում է միջնորդ դառնալ: Խնդիր չկա, թող դառնա, բայց դա իշխանությունների առաջարկը չէ, ընդդիմությունն էլ ասաց, որ դա իր իրավունքների մեջ չի մտնում: Բայց ես դեմ չեմ. վաղը մյուս օր կարող է մի այլ կազմակերպություն ցանկություն հայտնել միջնորդ դառնալ, կարեւորը` երկու կողմերն էլ համաձայնեն, եւ դա լինի օրենքի սահմաններում»,- եզրակացրեց հանրապետական գործիչը: