Միլանի «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոյի վերադարձի մասին ասեկոսեները:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, պորտուգալացի 48-ամյա մասնագետը, ով անցած մրցաշրջանում իտալական ակումբի հետ չեմպիոնական հեթ-թրիկ տոնեց, կարող է ակումբ վերադառնալ արդեն հաջորդ մրցաշրջանում:
La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ` Մոուրինիոն արդեն իր երեխաներին տեղափոխել է Լուգանոյի դպրոց, ուր նրանք հաճախում էին, երբ նա «Ինտերի» մարզիչն էր:
«Լեոնարդոն լավ աշխատանք է կատարում, և ճիշտ չէր լինի նրա աշխատանքը գնահատել միայն վերջին արդյունքներով: Իսկ Մոուրինիոյի համար «Ինտերի» դռները միշտ բաց են»,- ասել է Ձանետին:
Ավելացնենք, որ Մոուրինիոյի տեղափոխման հնարավոր ակումբներ են համարվում նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին», իսկ «Ռեալի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2014-ին: Սակայն Ժոզեն արդեն բացառել է «Յունայթեդի» տարբերակը: