Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Էրեբունի արգելոց-թանգարանը կկազմակերպի վերջին շրջանում Էրեբունի պետական արգելոցում եւ դրա մասնաճյուղերում` Շենգավիթի եւ Կարմիր բլուրի հնավայրերում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական գտածոների ցուցադրություններ:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեց արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վերջին երկու տարիներին, ինչպես նաեւ այս տարի հնագիտական պեղումներն իրականացնում են հայ-ֆրանսիական եւ հայ-ամերիկյան արշավախմբերը:
«Այս ընթացքում արշավախմբերը հայտնաբերել են բավական հետաքրքիր սրահներ, փողոցներ: Անգամ անցած տարի մի հետաքրքիր որմնանկար հայտնաբերվեց Խալդի տաճարի թաքնված պատի տակ, որն աքեմենյան շրջանում երեսպատվել էր հումաղյուսի բավական հաստ շերտով: Որմնանկարի հայտնաբերումից հետո, մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, այն անմիջապես առանձնացվեց պատից եւ տեղափոխվեց թանգարանի ֆոնդ` մշակման համար»,- ասաց թանգարանի տնօրենը:
Նրա խոսքերով` Էրեբունու միջնաբերդը լիարժեք պեղված է 65-70 տոկոսով, միայն միջնաբերդի պաշտամունքային հատվածի 25-30 տոկոսն է, որ կուսական վիճակում է:
Գ. Գյուրջյանը հավելեց, որ ներկայումս անհրաժեշտություն կա վերականգնել ամբողջ միջնաբերդը` այն բերելով 1968 թվականի վիճակին. «Միջնաբերդի վերականգնման եւ վերստեղծման հետ կապված` առաջարկել ենք 400 մլն դրամի 3 տարվա ծրագիր: Մասնակի կվերականգնվեն Խալդի տաճարի սյուները եւ ծածկը, որմնանկարները, ինչպես նաեւ տաճարի կողքին գտնվող Արգիշտիի պալատը»:
Թանգարանի տնօրինությունը նախատեսել է, ներգրավելով մասնավոր ներդրողների, թանգարանի տարածքում կառուցել ամֆիթատրոն, որտեղ կներկայացվեն Էրեբունիի պատմությանը վերաբերող ներկայացումներ: Բացի այդ` արգելոց թանգարանի տարածքում այցելուները կշրջեն ուրարտական ռազմակառքերով:
«Երեխանների համար կստեղծվի արհեստական հնավայր-դպրոց, որտեղ նրանք կսովորեն պեղումներ իրականացնել»,- ասաց Գ. Գյուրջյանը` նշելով, որ աշխատանքներեն իրականացվում, որ թանգարանն այսուհետ հասու լինի նաեւ հաշմանդամներին: