Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կարմիր բլուրում գարնանը անձրևից հետո նկատեցինք թաց հողի վրա ուրվագծված պատերի շարվածք: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ուրարտական շրջանի մի կառույցի հետ»,- պատմում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, Կարմիր բլուր մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը:
Ուղիղ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում, միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվեցին պարբերական պեղումներ:
«Այստեղ մոնումենտալ պատերով կառույցների հետ գործ ունենք: Ըստ էության, եռամաս կառույց է, որի նմանը բացվել է Ուրարտական Բաստամ բնակավայրում՝ այսօրվա Մակու քաղաքում, Իրանի տարածքում: Գործ ունենք արքայական ախոռի հետ, որը կարող էր ունենալ նաև քարավանատան գործառույթ: Այն բաղկացած է 3 մասից՝ պատը, սալահատակը, այնուհետև ավելի ցածր պատը, որտեղ ունենք կլոր սյան խարիսխները, որոնց վրա գերաններն են տանիքի համար արվել: Միջնամասում ունենք տեղ, որտեղով մարդիկ էին քայլում, և նույնի հայելային արտացոլումը՝ մյուս կողմը: Այսինքն, տեսեք, ինչ հզոր պատ ունենք»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նկատելով, որ աշխատանքները հնարավոր են եղել Հայաստանի գինեգործության կենտրոնի կազմակերպած հանգանակությամբ:
Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ գործ ունեն հայկական միջնադարյան 2650 տարվա քարավանատան հետ:
Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը պատմում է մեծ հրդեհի կամ հրդեհների մասին, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է:
Պեղումների ընթացքում տարածքից գտնվել են նաև խեցեղենի բեկորներ, կենդանիների մնացորդներ:
«Այս հատվածից գտել ենք ձիու ոսկորներ և ցուլի ատամ: Վերին շերտերում ունենք մանր եղջրավոր անասունների ոսկորներ: Հողից հատուկ անալիզ է արվելու Կոպենհագենում, որտեղ հողից փորձելու են կենդանիների ԴՆԹ առանձնացնել: Հետազոտութունների համար նյութեր են ուղարակվելու նաև Գերմանիայի կարևորագույն լաբորատորիաներից մեկը»,-ասում է Միքայել Բադալյանը:
Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Կարևոր է, որ գտնված կառույցը ոչ թե կրկին հողով փակվի, այլ ստեղծվեն հատուկ ծածկեր, որոնք թույլ կտան պահպանել այն ու ներկայացնել այցելուներին:
«Կարմիր բլուրը Երևանի կարևորագույն հնավայրերից է, բայց դրա հանրահռչակման մասին խոսելուց առաջ պետք է խոսենք դրա պատշաճ տեսքի բերելու, ենթակառուցվածքների զարգացման և ներկայանալի դարձնելու մասին: Վերջին 2- 3 տարում լայնածավալ աշխատանք է իրականացվել: Ցավոք, Կարմիր բլուրը վերածվել էր շինաղբ թափելու մի վայրի և մեծածավալ աշխատանքի արդյունքում այնտեղից գրեթե ամբողջությամբ շինաղբը հեռացված է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է Կարմիր բլուրում բավական մեծ ծավալով բարեկարգման աշխատանք կատարել՝ ճեմուղու որոշակի հատվածը, որովհետև այն շատ մեծ է և մաշված, նոր լուսավորություն, նստարաններ, աղբամաններ, անվտանգության տեսախցիկներ, ցուցանականեր, նաև ավտոբուսների համար կայանատեղի: Առաջին փուլում սա կանենք, հաջորդիվ արդեն կկարողանանք ավելի ընդլայնել աշխատանքները: Ի դեպ, սա «Ակտիվ քաղաքացու» շրջանակում ներկայացված նախագիծ էր»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը:
Բարեկարգումից հետո, երբ տարածքն ավելի ներկայանալի դառնա, ծրագրերը կուղղվեն հնավայրի զարգացմանն ու հանրահռչակմանը: Քաղաքապետարանը հետագայում մտածում է նաև տարածքում թանգարանային շենք կառուցելու մասին:
Նոր պեղումները Կարմիր բլուրի պատմության նոր էջ են բացում՝ ուրարտական ժամանակաշրջանին նախորդող ու հաջորդող պատմությունը բացահայտելու և մեր երկրի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: