կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 16:35
Մշակույթ

Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդես

Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդես

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում. հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների որոշ նմուշները: Անդրադարձ կատարելով Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմությանը՝ աշխարհահռչակ թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում Էրմիտաժում պահպանվում են ավելի քան երեք միլիոն մշակութային արժեքներ:

 

Այնուհետ Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցել է Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ:

 

Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են և իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում:

 

Ուրարտական ցուցանմուշների դիտումից  հետո Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետին հրավիրել է ծանոթանալու նաև Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին:

 

Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիատրովսկուն ջերմ ընդունելության ու ցուցանմուշներն անձամբ ներկայացնելու, ինչպես նաև Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: